10 տարվա ընդմիջումից հետո Բուլղարիայի Հայոց թեմը նոր Թեմական խորհուրդ ընտրեց

Հունվարի 11-ին Բուլղարիայի Շումեն քաղաքում տեղի ունեցավ Բուլղարիայի Հայոց թեմի հերթական Թեմական պատգամավորական ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին 51 պատգամավորներից 40-ը՝ ընտրված Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներից:

Ժողովը սկսվեց Շումենի Ս. Աստվածածին եկեղեցում  Տերունական աղոթքով, որից հետո Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը իր օրհնության խոսքը ուղղեց բոլոր պատգամավորներին և ներկա հավատացյալներին: Ժողովի բացմանը ներկա էր նաև Շումենի նահանգապետ Վենցիսլավ Վենկովը, ով իր գնահատանքի խոսքը բերեց ժողովականներին և մաղթեց արդյունավետ ընտրություններ:

Այնուհետև ժողովը շարունակվեց «Շումեն» հյուրանոցի հանդիսությունների դահլիճում: Ժողովը վարում էր Վառնայի ընդհանուր դատարաների գլխավոր դատավոր Վանուհի Առաքելյանը՝ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանի նախագահությամբ: Ժողովականները ընտրեցին պատգամավորական ժողովի  ընտրական հանձնաժողով:

 ժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը, Բուլղարիայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը և Բուլղարիայի Հայոց թեմի թեմական խորհրդի  վերստուգիչ հանձնախումբի ատենապետ Օննիկ Ալթունյանը:

Այնուհետև Բուլղարիայի Հայոց թեմի գործող Կանոնադրության համաձայն՝ տեղի ունեցան Բուլղարիայի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեմական խորհրդի Վերստուգիչ հանձնախումբի ընտրությունները:

 40 պատգամավորներից գաղտնի ընտրությամբ ընտրվեցին Թեմական խորհրդի 9 անդամներ՝ Անդրանիկ Շաքարյան, Ռուբեն Չաուշյան, Սարգիս Քրաջյան, Տ. Տիրայր քահանա Հատավյան, Սերժ Մանաշյան, Միհրան Գարեգինյան, Պողոս Կարճարյան, Հակոբ Կյուրեղյան, 2 փոխանորդներ՝ Պողոս Մանուկյան և Շողեր Սիմոնյան, և Թեմական խորհրդի Վերստուգիչ հանձնախմբ ի  5 անդամներ՝ Օննիկ Մեջելյան, Օննիկ Գյուլյան, Կարեն Հարությունյան, Արմենակ Կյումուշյան և Խաչիկ Մանկիկյան:

Ժողովի վերջում Առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց բոլոր թեմական պատգամավորներին մասնակցության համար, իր գնահատանքի խոսքը ուղղեց նախկին Թեմական խորհրդի անդամներին և շնորհավորեց նորընտիր Թեմական խորհրդի անդամներին՝ մաղթելով բարի և աստվածահաճո ծառայություն:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»,  բուլղարահայ լրատվական կայք

Scroll Up