Բեմադրիչ, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի ընտանիքին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակիցներին, ուսանողներին

Խոր ցավով տեղեկացանք բեմադրիչ, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի վաղաժամ մահվան մասին:
Արմեն Մազմանյանը հայ ժողովրդի տաղանդավոր զավակներից մեկն էր, որն իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրաբերեց արվեստին: Դրա վկայությունը նրա թողած ժառանգությունն է՝ բեմադրություններն ու կերտած կերպարները, «Գոյ» թատրոնը և, իհարկե, գիտելիքներն ու փորձը, որ նա փոխանցեց իր սաներին, որոնք այսօր մազմանյանական դպրոցի հետևորդներն են:
Արմեն Մազմանյանը հետաքրքիր անհատականություն էր, շփման մեջ` պարզ ու անկաշկանդ, տեսակետների մեջ՝ հաստատակամ, սկզբունքային ու իրատես:
Որպես մարդ և արվեստագետ՝ նա ուրույն հետագիծ թողեց և որպես այդպիսին՝ կապրի իրեն ճանաչող բոլոր մարդկանց սրտերում:
ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմը ցավակցում է Մազմանյան ընտանիքին, ինստիտուտի բոլոր աշխատակիցներին և ուսանողներին այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Համբերություն, ուժ և կամք` սփոփելու ձեր խոր վիշտը:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ