Կանաչ կիրակին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգվույս…
Վ. Թեքեյան

Մայիսի 5-ին Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հանդիսավոր ու գեղեցիկ նշեց Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը հիշատակությունն է երկրի վրա Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատման։ Տոնի ուրախ առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեցին եղբայրներ ի Քրիստոս՝ Կիևի հայ համայնքի հոգևոր հովիվ, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի քարտուղար Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը և Օդեսայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը։ Հավատացյալ ժողովրդին իր օրհնությունը բաշխեց և տոնին պատեհ քարոզ խոսեց Տեր Կարապետը՝ մեկնաբանելով նրա ծագման ակունքներն ու խորհուրդը .
-Կաթողիկե Սբ. եկեղեցին այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իրեն մեր մեջ և դառնալ Սուրբ տաճար։
Տեր Հոր խոսքերից ներշնչված՝ մտքումս ալիքվում էին բանաստեղծի տողերը .
Եկեղեցին Հայկական մեծ վարագույն մ’ է բանված,
Որուն ետև, սկիհին մեջ, կիջնե Ի՛նքը՝ Աստված,
Որուն առջև՝ ծնրադիր կուգա իմ ազգս ամբողջ՝
Հաղորդվիլ անցյալին հաց ու գինվով կենսառողջ…
Տաճարի բարձր կամարների ներքո շարունակում էր ելևէջել քահանայի ձայնը . «Ախարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումը, այսինքն՝ մեր հոգիների նորոգումն ու զարթոնքը, հոգևոր գարունը։ Կանաչ գույնը եկեղեցու հավիտենականության խորհուրդն ունի…
Թո՛ղ Երկնավոր Հայրն ընդունի մեր ջերմեռանդ, երկնառաք աղոթքները և այս յուսապայծառ տոնը ծաղկեցնի մեր առաքինությունների ծառը, որի պտուղներով սերունդներ պիտի ծնվեն ու դառնան մեր Եկեղեցու հավատավոր որդիք»:
Հոգևորականաց դասի սպասավորների կանաչազարդ հանդերձանքը ընգծում էր ծիսակատարության գեղեցկությունն ու ներդաշնակությունը բնության հետ։
Հընթացս պատարագի հնչեցին հոգևոր մեղեդիներ, հոգեզմայլ շարականներ։
Կիևից և մյուս վայրերից մի խումբ երիտասարդներ ևս մասնակցեցին այս խորհրդառատ ու գողտրիկ արարողությանը, քանզի Տեր Կարապետի առաջնորդությամբ Օդեսա էին ժամանել Ուկրաինայի հայ երիտասարդաց միության՝ «Եկ հյուր» («Заезжай в гости») ծրագրի շրջանակներում։ ՈՒՀՄ-ի այս հետաքրքիր նախաձեռնությունը ներառում է հոգևոր-մշակութային զանազան միջոցառումներ։ Ինչպես ընդգծեց Տեր Հայրը՝ երիտասարդական ծրագրի գաղափարը համահունչ է օրվա խորհրդին, և բոլորովին պատահական չէ, որ այսօր միասին Օդեսայում են գտնվում .
– Երիտասարդները մեր գարուններն են, որոնց պիտի ծաղկեցնենք, որպեսզի համայնքներին, նոր բույր հաղորդեն, թարմություն բերեն,-ասաց նա։

Նարինե Մուրադյան, ք . Օդեսա

Scroll Up