Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց իտալահայ գործարար Սարո Խուդավերդիին

Ապրիլի 26-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց իտալահայ գործարար, բարերար, “Lerner Italy Srl” ընկերության սեփականատեր Սարո Խոդավերդիին և նրա տիկնոջը՝ Սիրան Բորանյանին:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը բարձր գնահատեց Խուդավերդի ընտանիքի հայանպաստ գործունեությունը, մեծ ներդրումը հայապահպանության, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում, կարևորեց նրանց սերտ համագործակցությունը նախարարության հետ: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր փուլ է սկսվում, և այդ նոր աշխատանքի մեջ Սարո Խուդավերդիի գործունեությունը պետք է օրինակելի լինի: Բաբկեն Տեր Գրիգորյանը նաև շնորհավորեց հյուրին Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ:

Սարո Խուդավերդին մասնագիտությամբ ճարտարապետ է, Իտալիայում ծավալած նորաձևության բիզնեսից բացի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զբաղվում է շինարարական բիզնեսով: Այդքանով հանդերձ՝ նա իր կյանքի գործը համարում է Իտալիայի հայ համայնքին ակտիվորեն ծառայելը: «1983 թվականի առաջին անգամ այցելեցի Հայաստան, դրանից հետո համարյա  ամեն տարի գալիս եմ հայրենիք: Այստեղ տուն եմ կառուցել և ամեն անգամ մեծ սիրով եմ գալիս Հայաստան»,-նշեց իտալահայ գործարարը: Սպիտակի երկրաշարժից, Արցախյան պատերազմից մինչ օրս Սարո Խուդավերդին մի շարք բարեգործություններ է կատարել Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

«Ես նաև Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու վարչական խորհրդի ատենապետն եմ: Միլանում հայ համայնքը բաղկացած է 100 ընտանիքներից, որոնք համախմբված են հայ եկեղեցու շուրջը»,-նշեց իտալահայ բարերարը: Նա հատկապես կարևորեց հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների կողմից ներդրումների հեռանկարները: «Ինչ կարող ենք անել Հայաստանի զարգացման համար, պատրաստակամ ենք անելու»,-շեշտեց Սարո Խուդավերդին:

Scroll Up