Ուկրաինայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ուկրաինայի հայերի միությունը եւ տարածաշրջանային համայնքները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպել, «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի ունեցան Կիեւում։ Ավանդական ժամերգությանը, որը անցկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, կիեւցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։
Ելույթով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի ունեցավ երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։
Նախօրեին տեղեկացվել էր Լուցկի քաղաքում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։
Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։ Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում հիշատակի աղոթք է բարձրացվել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ուկրաինական քաղաքների փողոցներում տեղադրված էին Հայոց ցեղասպանության մասին իրազեկող տեղեկատվական վահանակներ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար: