Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը. Սուրբ Զատիկ

Սայլն այն իջնում էր Մասիս լեռն ի վայր,
Եվ նրա վրա աթոռներ կային կարգով շարեշար,
Եվ նրա վրա գահույք ոսկեղեն,
Եվ նրա վրա բեհեզ ծիրանի,
Եվ նրա վրա Որդին արքայի.Աջից վեցթևյան սերովբեներն են,
Ձախից բազմաչյա քերովբեներն են,
Առջևում նրա` մանկունք գեղեցիկ,
Գրկերում նրանց` խաչ տերունական,
Ձեռքերում` քնար ու սաղմոսարան,
Որ երգելով ասում էին.
Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարության:(Գր. Նարեկացի, «Հարության տաղ», հատված)
Ապրիլի 20-ին (2014թ. տոնացույցով) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ողջ հայությունը, մեր Եկեղեցու հավատացյալ զավակները Հայաստանում և Սփյուռքում տոնակատարում են համաքրիստոնեական մեծագույն տոնը` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը` Սբ. Զատիկը: Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», հնչեց դեռ շաբաթ երեկոյան` Ճրագալույցի սբ. Պատարագի ընթացքին պատարագիչ քահանայի շուրթերից` 2000 տարիների հոլովույթում մեկ անգամ ևս ազդարարելով, որ Աստվածորդու` խաչի վրա մահվամբ և հրաշափառ Հարությամբ մարդը վերստին արժանացավ հավիտենական կյանքը ժառանգելու իր կոչմանը: Սուրբ Գրքից հայտնի են հարության (մահացած մարդու վերակենդանացման) բազմաթիվ դեպքեր, որոնք կատարվել են աստվածային զորությամբ և սրբերի միջոցով: Սակայն բոլոր այդ դեպքերից և ոչ մեկը չի կարող համեմատվել Հիսուսի հրաշափառ Հարության հետ, որով Աստված տնօրինեց մեր փրկությունը` բացահայտելով նաև համընդհանուր հարության խորհուրդը: Իր հարությամբ Քրիստոս ոչ միայն մեզ հարություն տվեց մեր մեղքերից, այլև դրանով խորտակեց մահվան իշխանությունը մարդկային բնության վրա` կատարելով մարգարեների կանխագուշակությունը և իրականացնելով մարդկության բոլոր հույսերը: Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է բոլոր չորս Ավետարաններում: Համառոտ վերհիշենք այն:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք`Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սաղոմեն, գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքը ծածկող մեծ քարը մի կողմ է գցված, իսկ գերեզմանը թափուր է: Եվ մինչ նրանք տարակուսանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակ` Ճերմակազգեստ ու լուսավոր, և ասում. «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ Նա, այլ հարություն առավ: Հիշե´ք` ինչպես խոսեց Նա ձեզ հետ, թե պետք է Մարդու Որդին մատնվի մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվի և երրորդ օրը հարություն առնի» (հմմտ. Ղուկ. ԻԴ 5-7): Կանայք իսկույն վազեցին առաքյալների մոտ` հայտնելու ուրախ լուրը: Եվ ահա նրանց առջև հայտնվեց Ինքը` հարուցյալ Փրկիչը, և ասաց` ողջու´յն: Եվ նրանք մոտենալով փարվեցին Տիրոջ ոտքերին ու երկրպագեցին Նրան: Դրանից հետո Քրիստոս հայտնվեց Իր առաքյալներին, ապա նաև, ինչպես վկայում է Պողոս առաքյալը, ևս ավելի քան հինգ հարյուր հոգու:
Քրիստոսի հարությունը ցնցեց աշակերտներին, փարատեց նրանց մահացու վիշտը, վերադարձրեց հավատը և վերափոխեց նրանց ողջ գիտակցությունը: Նրանք տեսնում էին, որ Հիսուսի հարությունը սոսկ վերակենդանացում չէր, այլ հարություն էր անմահության մեջ` այնպիսի մարմնով, որն այլևս ենթակա չէր երկրային օրենքներին: Նա տեսանելի էր ու շոշափելի` նույն` խաչի վրա չարչարված մարմնով, Իր ձեռքերին ու ոտքերին, Իր խոցված կողին կրած վերքերով, և միևնույն ժամանակ այլ աշխարհում էր` հավիտենության մեջ: Բայց նաև իրենց մեջ էր` իրենց սրտերում:
Հարությունից հետո Հիսուս 40 օր, մինչև Իր երկինք համբարձվելը, հայտնվում էր Իր աշակերտներին` բազում պատգամներ տալով նրանց և նախապատրաստելով ապագա առաքելությանը, որը սկսվեց սբ. հոգեգալստով:
Սուրբ Զատիկ
Սուրբ Հարության տոնը Եկեղեցին անվանում է նաև Զատիկ, քանի որ Աստվածորդու հարությունը տեղի ունեցավ հրեաների Զատիկի մեծ տոնին: Այն միաժամանակ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը` իբրև Նոր Զատիկ: Զատիկ` այսինքն` զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր ամբողջական իմաստով` վերադարձ առ Աստված:
Թե´ Հին և թե´ Նոր կտակարաններում Զատիկը մեծագույն տոներից է: Եթե Հին ուխտի Զատիկը(Պասեքը) Աստված հրեաների մեջ հաստատեց Եգիպտոսից նրանց դուրս գալուց առաջ` խորհրդանշելով նրանց ազատագրումը եգիպտական գերությունից և զատումը հեթանոսական միջավայրից, մեղքի ու մահվան երկրից (խորհրդանշաբար սա հին աշխարհի ազատագրումն է մարմնավոր գերությունից), ապա Քրիստոսի մահվան և հարության խորհրդով մարդկությունը փրկվեց մեղքի և մահվան կապանքներից` խավարից դառնալով դեպի աստվածային Լույսը, դեպի Հավիտենական կյանքը: Եվ Հին կտակարանի զատկական գառն էլ օրինակն է Հիսուս Քրիստոսի: «Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը». Քրիստոսի նախակարապետ Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուս պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումը եղավ դժոխքի ու մահվան պարտության: Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր սուրբ արյամբ մեզ սրբեց մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ 25):
Տիրոջ խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, մի օր իրենք ևս պիտի հարություն առնեն: «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են,- ասում է Պողոս առաքյալը,- նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. ԺԵ 22):
Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը: Այսօր հարություն առնելով մեռելներից` Քրիստոս Իր հետ հարություն տվեց նաև մեր` մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր Քրիստոս խորտակեց մահն ու խափանեց ապականությունը, ինչպես Ավետարանն է ասում. «Ու՞ր է, մա´հ, քո հաղթությունը, ու՞ր է, դժո´խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով և սկսվում են զատկական տոնակատարությունները: Ս. Հարության տոնին եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Ս. Պատարագ:
Ինչ վերաբերում է Հարության տոնի հետ կապված ժողովրդական սովորություններին, գիտենք, որ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, ընդ որում` միայն կարմիր գույնով: Մյուս գույները (բացի կարմիրից), որ վերջին շրջանում այնքան տարածվել են, պետք է ասել` ոչ մի առնչություն չունեն Հարության բուն խորհրդի հետ այն պարզ պատճառով, որ եթե ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, ապա կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Սբ. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին այս է ասում. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդի, և սպիտակուցը` ջրի, դեղինն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Իսկ համաձայն ավանդության` երբ Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ`Ավետարանը քարոզելու, ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում է իր քրիստոնեական հավատը և կայսրին է նվիրում կարմիր ներկած մի ձու` ողջունելով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Քրիստոսը հարություն առավ մեռելներից,
Իր մահվամբ մահը խորտակեց,
Եվ Իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց,
Նրան փառք հավիտյանս. ամեն: (շարական)
-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ