Հայկական մշակույթը ներկայացվեց Կատալոնիայում
Ապրիլի 12-ին Կատալոնիայի Սանտա Կոլոմա քաղաքի քաղաքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցում էին քաղաքում ապրող մի շարք համայնքների ներկայացուցիչներ: Նպատակը բազմազգ Կատալոնիայի բնակչության՝ էլ ավելի մերձեցումն էր:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է ժաննա Դավթենցը, միջոցառումը տեղի ունեցավ զբոսայգում, ուր առավոտից տիրում էր տոնական տրամադրություն։ Որպես կանոն՝ հայկական համայնքը միշտ մասնակցում է նմանատիպ միջոցառուների, որոնց ընթացքում ներկայացնում է ազգային մշակույթը:
Այս անգամ ձեռնարկին մասնակցում էին Սանտա Կոլոմայի «Արարատ» ասոցիացիայի «ԱՅԲ մեսրոպատառ» կիրակնօրյա դպրոցի սաներն ու հայկական համայնքի բազում ներկայացուցիչներ։ Դպրոցը ներկայացրեց հայերեն խմբակային երգ՝ ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանի ղեկավարմամբ։ Այնուհետև ելույթ ունեցավ Անահիտ Մկրտչյանը, և հայկական մեղեդին թևածեց զբոսայգում։ Հաջորդիվ կատարմամբ հանդես եկավ դպրոցի սան Մանե Ալեքսանյանը: Վերջինս ջութակով կատարեց Մոցարտի ստեղծագործություններից և ասմունքեց հայրենասիրական մի բանաստեղծություն։
Սակայն ամենահուզիչ պահը դեռ առջևում էր։ Բեմ բարձրացան հայուհի կանայք ու աղջիկներ և պարուսույց Մերի Մանուկյանի գլխավորությամբ պարեցին «Լորկե» ազգագրական պարը: Զուռնայի հզոր ձայնի և դհոլի ռիթմիկ զարկի տակ հայկական հաղթական պարը հայ համայնքին մեկ անգամ ևս ընձեռնեց հաղթողի բերկրանքը։