«Դպրոցը, ես և իմ ընտանիքը» խորագրով միջոցառում Պերմում

«Հայերն այսօր»– Գարնան հուզառատ զարթոնքի բույրով, բնության հաճելի ջերմությամբ, ուրախ և երջանկությունից փայլող աշխույժ երեխաներով, բարձր ու տոնական տրամադրությամբ էր լցված ՌԴ Պերմի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը:
Մարտի 24-ին կայացավ դպրոցի ուսուցիչների, սաների և նրանց ծնողների համատեղ ուժերով կազմակերպված, մինչ այդ նախադեպը չունեցող միջոցառում՝ «Դպրոցը, ես և իմ ընտանիքը» խորագրով: Այն իր մեջ ընդգրկում էր Մայրության և գեղեցկության, բնության զարթոնքի տոները:
Միջոցառման այս ձևաչափն ունի հատուկ նպատակ՝ էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու դպրոցի, երեխաների և ծնողների միջև եղած կապը: Նման ձևաչափով միջոցառումն անցկացվում էր առաջին անգամ, շատ հետաքրքիր էր և անակնկալներով լի: Պետք է նշել նաև, որ յուրահատուկ ոգևորություն կար այս միջոցառման նկատմամբ, քանի որ այն անցկացվում էր մրցույթի ձևով: Մասնակիցները բաժանված էին 5 խմբի՝ բաղկացած 8 հոգուց: Ամեն խմբում ընդգրկված էին 2 ծնող և 6 երեխա, և յուրաքանչյուր խումբ ուներ իրեն ուղղորդող ուսուցիչը: Բոլոր թիմերն ունեին իրենց անունները, ընտրված գույները, որոնք արտացոլված էին նրանց հագուստի և ձևավորած սեղանի միջոցով: Թիմերից յուրաքանչյուրը նաև ուներ իր նշանաբանը:
Թիմերի կողմից պատրաստվել էին հայ կնոջը գովերգող գեղարվեստական համարներ: Այս ելույթները համեմված էին ազգային ժողովրդական երգերով, հայ գուսանների և աշուղների ստեղծագործություններով և այլ գեղեցիկ երգերով՝ նվիրված կանանց և մայրերին:
Թատերական ներկայացումների հիմքում ընկած էին հայկական ժողովրդական հեքիաթները,կային նաև հեղինակային համարներ:
Միջոցառմանը յուրահատուկ շուք և գունագեղություն էին ապահովում տարբեր նյութերից ստեղծված գեղեցիկ հագուստները:
Ընդգրկված էին նաև հումորային դրվագներ:
«Հմուտ ձեռքեր» բաժնում խմբերը ներկայացրեցին հետաքրքիր և բազմաբովանդակ պաստառներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր նախօրոք ընտրված թեման:
Հայ կնոջ խոհարարական հիանալի և ստեղծարար ունակությունները ներկացված էին խոհանոցի միջոցով, որտեղ կային ինչպես հայկական, այնպես էլ օտարազգի խոհանոցներին պատկանող շատ համեղ աղցաններ, ճաշատեսակներ և թխվածքներ, որոնց բաղադրությունը ներկայացվեց հետաքրքիր պատմությունների ձևով:
Հայկական մշակույթի նկատմամբ ունեցած ջերմությամբ, ազգային խորհրդանիշերի մասին ունեցած իրենց ուրույն գիտելիքներով և արևշատությամբ էր լցված ցուցահանդեսային բաժինը, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների, ծնողների և արվեստի ուսուցչուհու համատեղ աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված էին նոր աշխատանքներ, որոնք ողողված էին հայկական Որդան կարմիրով, նրբագեղ և բազմերանգ գույներով:
Այս ցուցահանդեսի կարևորագույն նպատակն էր բոլորին ծանոթացնել և հաղորդակից դարձնել հայ մշակույթի տարբեր ճյուղերի հետ: Ներկայացված աշխատանքներն արտացոլում էին հայ մանրանկարչության, գորգագործության, խաչքարային արվեստի, խեցեգործության գեղեցիկ և տպավորիչ առանձնահատկությունները:
Մարիամ Գրիգորյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»