Հայրենիքի պաշտպանը զինվորն է բանակում և ուսուցիչը՝ թիկունքում

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզո´ր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահի՛ր որպես փառքի պսակ։
Հայոց բանակը, այո, մեր փառքն է, մեր անկախության երաշխիքը , մեր ապահովության մեծ գրավականը։ Նա բարդ ու ծանր պատերազմական իրավիճակներում հազարավոր երիտասարդների թափած արյան գնով և բազում հաղթանակներով ապացուցեց, որ մեր երկիրն ամուր և հուսալի ձեռքերում է։
« Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ» խորագրով բաց դաս է ՌԴ Տյումեն քաղաքի Մ. Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի պատմության դասարանում՝ ուսուցչուհի Մանուշակի ղեկավարությամբ։
Աշակերտները համառոտ նշեցին Հայոց բանակի ստեղծման անհրաժեշտության, անցած հերոսական ուղու մասին։ Այնուհետև սկսեցին երգել ու ասմունքել։ Ուսուցչուհի Մանուշակը հմտորեն էր ընտրել Հայոց բանակին, հայ զինվորին նվիրված երգերն ու բանաստեղծությունները։ Ներկայացված էին Հայոց բանակի, հայ զինվորների անցած ողջ ճանապարհը: Այն զինվորների, որոնք գերադասեցին ո՛չ թե զենքից, այլ զենքով մեռնել, ո՛չ թե փափուկ անկողնում դիմավորել լուսաբացը, այլ սառը խրամատներում՝ հսկելով ոսոխի յուրաքանչյուր շարժը։
Երեխաներն ոգևորված, ձեռքներն ամուր բռունցք արած՝ ապրեցին յուրաքանչյուր նկարագրված դրվագ։ Ցասկոտ ու տխուր էին նրանց թաց աչքերը, երբ զինվորական երթի, ռմբակոծությունների, վիրավորների տնքոցների՝ իրար խառնված ձայներում անգամ լսվում է զինվորի մոր աղոթքի մրմունջն առ աստված՝ «Փրկի՛ր մինուճարիս…»
Իսկ երբ խոսվում էր մեր պանծալից հաղթանակների, հայոց՝ օրեցօր հզորացող բանակի անպարտելիության մասին, քիչ-քիչ փոխվում էին նրանց դեմքերի արտահայտությունները։Նրանցից հույս ու խնդություն էր սկսում ճառագել։
Նայում ես այս երիտասարդների հրավառ դեմքերին ու լցվում անհուն հպարտությամբ, վստահությամբ. մեր վաղը հուսալի ձեռքերում է, իսկ այսօրվա ճիշտ դաստիարակված աշակերտը վաղվա հերոս զինվորն է։
Այսօրվա դասն ապացուցեց, որ հայրենիքի պաշտպանը ո՛չ միայն զինվորն է բանակում, այլ նաև ուսուցի՛չը՝ թիկունքում։ Ուսուցիչ, որը հայրենասիրություն, հայրենիի հանդեպ սրբազան պարտքի զգացում է սերմանում մատաղ սերնդի սրտերում։
Խոնարհվել է պետք այսպիսի ուսուցիչներին՝ կոչումը բարձր պահելու, մատաղ սրտերում հերոսական ոգի սերմանելու համար։ Հավատացած ենք, որ այսօրվա աշակերտական սեղանին նստածներն իրենց հսկայական բանակով կապահովեն խաղաղությունը մեր երկրում: Եվ որ. «Գետը գետություն կանի, գեղջուկը կբանի, կտնկի ու կցանի, գետն էլ իր ջրով՝ մեկը տաս կանի »։
Մարգարիտ Առաքելյան
Մշակույթի կենտրոնի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի