Թուրք հնագետները Բաբերդում հայկական եկեղեցի են հայտնաբերել

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բայբուրթ (հայերեն անվանումը Բաբերդ- tert.am) նահանգի պատմական բերդի տարածքում թուրք հնագետները հողի տակ անցած հինավուրց եկեղեցի ու ջրամբար են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, Բաբերդի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը նշել է, որ բերդի տարածքում պեղվել է նաև 150-ից ավելի գտածո, որոնց մի մասը կենթարկվի ուսումնասիրության ու կփոխանցվի թանգարան, մի մասն էլ կգույքագրվի:

Թուրք նահանգապետը շեշտել է, որ Բաբերդում ժամանակին իշխել են հռոմեացիները, բյուզանդացիներն ու նաև արաբները, սակայն որևէ կերպ չի հիշատակել տարածքի հայկական անցյալի մասին:

Բաբերդը կազմել է պատմական Արևմտյան Հայաստանի Սպեր գավառի մի մասը: Ճորոխ գետի աջ ափին գտնվող Բաբերդը պատմական Կարինից (Էրզրում-tert.am) շուրջ 120 կմ հեռավորության վրա է գտնվում: 1915 թ.-ին Բաբերդն ուներ 30.000 բնակիչ, այդ թվում՝ 10.000 հայ։

Տեղի պատմական բերդը, որը կառուցված է նահանգի նույնանուն քաղաք-կենտրոնի հյուսիսում, այժմ գտնվում է կիսավեր վիճակում:

Scroll Up