Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Հոկտեմբերի 30-ին Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին՝ Մխիթար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակվի և կզարգանա ու հավելեց. «Մեր ժողովուրդներին կհաջողվի նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Վրաստանում բնակվող հայերը և՛ Հայաստանի, և Վրաստանի հպարտությունն են: Այս իմաստով շատ կարևոր է հայկական համայնքի գոյությունը Վրաստանում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է»:

Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ: Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները եղել են միշտ, դեռ այն ժամանակներից, երբ սկսվում է մեր ժողովուրդների պատմությունը: Վստահ եմ, որ այդ բարեկամությունը կշարունակվի և ավելի կամրանա ու կզարգանա»:

Քննարկվեցին նաև կրթամշակութային ձեռնարկներին, ճանապարհների վերանորոգմանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր:

Scroll Up