Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգ և ցուցահանդես Հորդանանում

Հոկտեմբերի 7-ին Հորդանանի Ամման քաղաքի Ալ-Հուսեին մշակույթի կենտրոնում կայացել է «Վարդավառ» երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավարը և հիմնադիրը Վարդուհի Թորոյան-Ներսեսյան), որի ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Ամմանի կամերային նվագախումբը և «Դոզան» խումբը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի պատմության թանգարանի, ինչպես նաև Ամմանի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպվել է նաև «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների շրջիկ ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցադրվել են Երևանը պատկերող շուրջ 60 նկար, որոնց հեղինակներն են ժամանակակից հայտնի լուսանկարիչներ՝ Վրույր Կրտսերը, Դադյանցը, Թարվերդյանցը և ուրիշներ: