Շառլ Ազնավուրին նվիրված հրաժեշտի արարողություն Տաշքենդում

Հոկտեմբերի 3-ին Տաշքենդի Սուրբ Փիլիպոս Հայկական առաքելական եկեղեցում  տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակի արարողությունը, որին մասնակցում էին Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Էմիլի Դեզոր­մի­ե­րը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ շանսոնյեի տաշքենդաբնակ երկրպագուներ։

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, արարողությունն սկսվեց եկեղեցու բակում, տեղադրված էր Հայաստանի ազգային հերոս, Մեծ արվեստագետ և մարդասեր շառլ Ազնավուրի մեծադիր դիմանկարը։ Ի խորոց սրտի ցավակցական խոսք  ասացին տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը, Ֆրանսիայի դեսպանատան խորհրդական Էմիլի Դեզորմյերը, ինչպես նաև Տաշքենդի գիտական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, որից հետո արարողության մասնակիցները մոմեր վառեցին և ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի:

Եկեղեցու զանգերի ղողանջներին խառնված ազնավուրյան երաժշտությունը կարծես սրբագործում էր մարդկանց հոգիները։ Նրանք ամենքը միաբերան Աստծո օրհնանքն ու ողորմածությունն էին աղերսում մեծն հայորդու համար:

Scroll Up