Կկայանա ֆրանսահայ թատերագիր Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ՝ հոկտեմբերի 3-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարութունների, «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ) կկայանա ֆրանսահայ թատերագիր, բանաստեղծ և դրամատուրգ Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը: Պիեսները հայերեն է թարգմանել Լիոնի «Sate Atre» թատերական միության գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասանուհի, թարգմանչուհի, բանասիրության գիտությունների թեկնածու և գրող Սաթէ Խաչատրյանը:
Ադամովը գրել է 22 թատերգություն, թարգմանել է այնպիսի հեղինակների, ինչպիսիք են՝ Ռիլկեն, Ստրինդբերգը, Դոստոևսկին, Չեխովը, Գորկին, Գոնչալովը, Գոգոլը, Բյուշները և ուրիշներ։ Նա նաև երեք ինքնակենսագրական վեպերի հեղինակ է՝ «Խոստովանություն» (1946թ), «Մարդն ու երեխան» (1968թ) և «Ես․․․նրանք» (1969թ)։ Հեղինակել է ռադիոֆոնիկ պիեսներ։ Գրել է նաև բանաստեղծություններ։
Ադամովի ողջ դրամատուրգիան կեղծ կամ խաբուսիկ երկխոսությունների կամ այլ կերպ ասած՝ հարաբերական երկխոսությունների շարք է, որտեղ հերոսներից յուրաքանչյուրը հետևում է իր գաղափարին։