«ԹՈՒՄՈ»-ի Փարիզի մասնաճյուղը կղեկավարի Կորյուն Խաչատուրյանը

Փարիզի կենտրոնական՝ Լե ալ (Les Halles) թաղամասում սեպտեմբերի 25-ից կսկսի գործել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Նոր հառաջ» պարբերականին, հայտնում է, որ Փարիզում ստեղծվելիք մասնաճյուղը «ԹՈՒՄՈ»-ի առաջին միջազգային կենտրոնն է հանդիսանալու: Այն անվճար կրթություն պիտի ապահովի 12-18 տարեկան շուրջ 1500 պատանիների: «ԹՈՒՄՈ-Փարիզ»-ի մասնաճյուղի տնօրենն է լինելու փարիզահայ Կորյուն Խաչատուրյանը, որը շուրջ երկուսուկես տարի ղեկավարել է «ԹՈՒՄՈ»-ի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Փարիզի մասնաճյուղում ուսանողները հնարավորություն են ունենալու ուսումնասիրելու՝ ֆիլմերի պատրաստություն, ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, անիմացիա, խաղերի պատրաստում, եռաչափ ձևավորում, նկարչություն և երաժշտություն: Կենտրոնն ունենալու է 32 մասնագետ:
Ըստ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի՝ «ԹՈՒՄՈ»-ն պիտի դառնա երիտասարդների հաղորդակցության խաչմերուկ, որտեղ նրանք ո´չ միայն կարող են ձեռք բերել նոր հմտություններ, այլ նաև հնարավորություն են ունենալու իրագործելու իրենց ստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:
Կենտրոնի բացման գաղափարը ծագել է 2016-ին, երբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելելով ««ԹՈՒՄՈ-Երևան»՝ տպավորվել էր գաղափարով և կենտրոնի պատասխանատու Մարի Լու Փափազյանի հետ համաձայնություն էր ձեռք բերել Փարիզում ևս նման կենտրոն բացել:
Աշխատանքային բազմաթիվ այցերից հետո, այսօր արդեն իր բոլոր հարմարություններով՝ ««ԹՈՒՄՈ-Փարիզ»-ը պատրաստ է բացմանը: