Իրանահայ երաժշտագետ Վարդան Սահակյանին նվիրված մեծարման երեկո

Հուլիսի 31-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կայացավ իրանահայ երաժշտագետ Վարդան Սահակյանի մեծարման հանդիսությունը, որը երկարամյա ստեղծագործական անցյալ և բեղմնավոր դասախոսական աշխատանք է ծավալել Իրանի երաժշտության ասպարեզում: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, նշում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Ռադ Նո Անդիշ» մշակութային-գեղարվեստական կենտրոնը՝ համագործակցությամբ «Ռուդաքի» հիմնադրամի:

Վարդան Սահակյանն ավարտել է Գեղարվեստի ֆակուլտետը և Իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության կողմից նրան շնորհվել է գեղարվեստի առաջին կարգի վկայական ( վերջինս համազոր է դոկտորական կոչմանը) և գնահատանքի է արժանացել «Ֆաջր» երաժշտական 27-րդ փառատոնի ընթացքում:

Նա դասավանդում է Իրանի զանազան համալսարաններում և անդամակցում է Իրանի կինոերաժիշտների կենտրոնին: Անդամակցել է «Ֆաջր» երաժշտական փառատոնի տարբեր տարիների ժյուրիի կազմին, Իրանի երաժշտական տանը: Նա նվագախմբի համար մշակել է իրանական ազգային ստեղծագործություններ և թարգմանել երաժիշտ Նիկոլա Ռիմսկի Կորսակովի «Կիրառարական հարմոնիա» գիրքը: Վարդան Սահակյանը երաժշտություն է մշակել իրանական մի շարք ֆիլմերի համար: Տարիներ շարունակ համագործակցել է Թեհրանի Հայոց թեմի Կրթական խորհրդի կողմից կազմակերպվող Մշակութային փառատոնի երաժշտական բաժնի իրավարար կազմի հետ:

Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին Իրանի և իրանահայ համայնքի երաժշտության, արվեստի և հասարակական բնագավառի ականավոր դեմքեր: Ներկա էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք», «Հուսկ» հաստատությունների, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկտեղված էր ելույթներով և գեղարվեստական կատարումներով: Ներկայացվեց տեսաֆիլմ, որի ընթացքում Իրանի երաժշտության երկնակամարի մեծերն արտահայտվում էին նրա անհատականության ու մարդկային արժանիքների մասին:

Վերջում Իրանի երաժշտության ոլորտում դասախոսների, ինչպես նար մաեստրո Լորիս Ճգնավորյանի ձեռամբ գնահատագիր հանձնվեց վաստակավոր դասախոս Վարդան Սահակյանին, որից հետո նա իր գնահատանքի խոսքն ուղղեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մատնանշելով Իրանին ու հայ արվեստին իրենց ծառայությունը մատուցած հայ արվեստագետներին, որոնցից շատերը ներկա էին դահլիճում:

Scroll Up