«Անոնց երգերը պար էին, պարերը` երգ». Ստամբուլի «Մարալ» երգի-պարի անսամբլը ելույթ ունեցավ Երևանում

Պոլսո Եսայան սանուց միության 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում հունիսի 15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կայացավ Ստամբուլի «Մարալ» երգի-պարի անսամբլի` «Անոնց երգերը պար էին, պարերը` երգ» խորագրով բացառիկ համերգը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը:  Նա մասնավորապես նշեց. «Մեծարգո՛ հյուրեր, հարգելի՛ ներկաներ, այսօր  ինձ բախտ է վիճակվել Երևանի խորհրդանիշ դարձած Օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմից հպարտության և ուրախության խորը զգացումով ողջունել պոլսահայ համայնքի ներկայացուցիչներին, Եսայան սանուց միության «Մարալ» պարախմբին և Ձեզ՝ սիրելի՛ հանդիսատես: Հեռավոր 1900-ականների սկզբին ազգի մեծերի և բարերարների կողմից Ստամբուլում ստեղծված Եսայան սանուց միության հիմնադիրների թվում են եղել մեծն Կոմիտաս Վարդապետը և ազգային հանրահայտ բարերար Մկրտիչ Եսայանը, և այս կառույցի շնորհիվ մեկտեղվել ու ազգապահպան բազմաթիվ միջոցառումներ են իրականացրել հայազգի այնպիսի տաղանդավոր գրողներ, ինչպիսիք են` Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Լևոն Շանթը, Սիամանթոն և այլք:  Այսօր էլ՝ Եսայան սանուց միությունը և նրա հարկի տակ գործող Մարալ» երգի պարի համույթը շարունակում են իրականացնել իր հայապահպան գործունեություն՝ նպաստելով սերունդների հայեցի դաստիարակությանը, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

Այսօր մենք ապրում ենք պատմական հիշարժան պահ, որովհետև ստամբուլահայ մեր հայրենակիցներին հյուրընկալել ենք թավշյա հեղափոխությունից հետո այլևս նոր, ազատ ու անկախ Հայաստանում: Եվ ուրեմն մենք` ձեռք ձեռքի, ուս ուսի տված, պետք է քայլենք այս նոր ու լուսավոր ճանապարհով՝ հանուն համայն հայության ապահով ու երջանիկ ապագայի»:

Համերգի ավարտին Պոլսո Եսայեան սանուց միությունը պարգևատրվեց ՀՀ ՍՆ ոսկե մեդալով: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չապքանը և պարուսույց Իրիս Չապքանը պարգևատրվեցին «Կոմիտաս» մեդալներով: Նրանց աշխատանքի շնորհիվ «Մարալ» պարախումբը դարձել է արհեստավարժ դպրոց, որը պահպանում ու սերունդներին է փոխանցում հայկական ժողովրդական երգն ու պարը և իր լայն հայտագրով դարձել է Ստամբուլի հայ համայնքի անբաժանելի մասնիկը:

Scroll Up