Հայաստանը՝ Հելսինկիի «Աշխարհը մեկ գյուղ» բազմամշակութային փառատոնում

Մայիսի 26-27-ը Հելսինկիում անցկացվեց ամենամյա «Աշխարհը մեկ գյուղ» փառատոնը, որին իր ողջ անձնակազմով մասնակցեց «Ֆինլանդիա- Հայաստան միություն»-ը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է միության անդամ Գրիգորի Եղիազարյանը, «Աշխարհը մեկ գյուղ» փառատոնը մեծ համբավ վայելող միջոցառում է, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ և կազմակերպություններ։

«Ֆինլանդիա-Հայաստան միություն»-ը երկրորդ անգամ էր մասնակցում փառատոնին, որը ընձեռում է հիանալի հնարավորություն՝ ներկայացնել հայկական մշակույթը, պատմությունը, մշակութային արժեք ունեցող կառույցները և այլն։

Փառատոնը տեղի էր ունենում Հելսինկիի կենտրոնում՝ Կայսանիեմի պուրակում։ Վաղ առավոտյան տաղավարը զարդարված էր հայկական քաղցրավենիքով, Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ գրքույկներով, քարտեզներով, հուշանվերներով և հայկական ավանդական փախլավայով։ Միջոցառման ողջ ընթացքում հնչում էր հայկական ժողովրդական երաժշտություն, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում հյուրերի մոտ։ Հյուրերը համտեսում էին չրերով և ընկույզներով շոկոլադապատ քաղցրավենիքը, համտեսում էին բոլորի կողմից սիրված փախլավան և բուռն քննարկում Հայաստանի եկեղեցիները, մշակութային կոթողները և տեսարժան վայրերը։ Հատուկ հյուրերի համար պատրաստված էին հայկական ժողովրդական երգերից կազմված սկավառակներ, հայկական նախշերով, զարդերով և այբուբենով պատրաստված հուշանվերներ։

Այս տարի նույնպես «Ֆինլանդիա-Հայաստան միության» ներկայացուցիչները ջանասիրաբար պատմում էին միության, միության առաքելության, առաջիկա ծրագրերի մասին։ Անդամների կողմից ներկայացվում էր Հայաստանի բիզնես ներուժը և ներդրումների աղբյուրները։

Օրվա ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ այս տարի ֆինլանդաբնակ հայերը պատրաստակամություն էին հայտնել մասնակցել «Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբին, որն անցկացվում էր աշխարհի 100-ից ավելի երկրներում։

Պարի մասնակիցներն ամենայն լրջությամբ պատրաստվել էին այդ իրադարձությանը։ Հատուկ այս միջոցառման համար «Ֆինլանդիա-Հայաստան միության» անդամները պատրաստել էին շապիկներ և գոտիներ ազգային նախշերով՝ պարը ավելի գունեղ դարձնելու նպատակով։ Ժամը 19։30-ին Կայսանիեմի պուրակի բեմը լիովին ֆինլանդաբնակ հայերի տրամադրության տակ էր։ Ուշագրավ էր այն, որ հայկական քոչարիին միացան նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: Երաժշտության հենց առաջին հնչյունները գրավեցին ներկաների ուշադրությունը։ Քոչարին ուղեկցվում էր բարձր ծափահարություններով։ Պարի ավարտից անմիջապես հետո երկու հայ երիտասարդ կատարեցին ազգային պարերից մեկը՝ Յարխուշտան։ Այդպես լավ տրամադրությամբ և բարձր ոգևորությամբ ավարտվեց փառատոնի առաջին օրը։

Հաջորդ օրը՝ առավոտյան, տաղավարը կարծես «շրջափակված» լիներ։ Էստոնիայի Տալին և Տարտու քաղաքներից ժամանած հայկական «Տայք» և «Երազանք» պարային խմբերը նոր և թարմ երանգ հաղորդեցին մեր միջոցառմանը։ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները ընտանիքներով ժամանեցին Հելսինկի։ Երեխաները իրենց ծնողների հետ հանդես եկան Քոչարի պարով՝ պուրակի կենտրոնական բեմում, այնուհետև հայկական տաղավարի առաջ ֆինլանդաբնակ հայերի հետ պարեցին շուրջպար։ Մթնոլորտը շատ հագեցած էր, բոլորը ուրախ էին, հնչում էին բազմաթիվ ողջույնի խոսքեր, քաջալերում էին մեր փոքր համայնքին։ Էստոնիայի հայ համայնքի համախմբվածությունը, մասնակցության բարձր մակարդակը և ընդհանրապես՝ միության կազմակերպվածությունը միանգամայն օրինակելի է։

Ֆինլանդաբնակ հայերը՝ ի դեմս «Ֆինլանդիա-Հայաստան միության», ցուցաբերեցին մեծ համախմբվածություն։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ներկայացնել Հայաստանը, հայ մշակույթը և արվեստը։ Թիմի յուրաքանչյուր անդամի ջանքերն ուղղված էին Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն արթնացնել ֆինների մոտ։ Միջոցառումից հետո «Աշխարհը մեկ գյուղ» ինտերնետային կայքում տեղ գտան բազմաթիվ դրական արձագանքներ՝ կապված կազմակերպվածության, Հայաստանի հնարավորությունների ներկայացման և մատուցման հետ։ Նման արձագանքները խթանում են ֆինլանդաբնակ հայերին՝ շարունակել ներկայացնել Հայաստանը՝ հանուն երկրի զարգացման, ճանաչման և բարգավաճման։

Scroll Up