Հոլիվուդահայության պատմության նոր էջը

Ապրիլի 30-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի ձեռամբ օրհնվեց Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ նորակառույց տաճարի հիմքերը և սյուները։ Ըստ սրբազան ավանդության, հայոց եկեղեցիները վեր են խոյանում 16 սյուների վրա, որոնք խորհրդանշում են 12 առաքյալներին, Մարկոս ու Ղուկաս Ավետարանիչներին, Պողոս Առաքյալին ու մեր հավատքի հայր Գրիգոր Լուսավորչին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը, հգեպարար արարողությանը մասնակցում էին թեմի հոգևորականները, գլխավորությամբ եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանի, ինչպես նաև եկեղեցու հարակից մարմինները, բարերարներ ու հավատացյալներ։ Հոգաբարձուների խորհուրդն ամռանը նախաձեռնել է մեծ միջոցառում։ Կազմակերպվում է յուրօրինակ, փառահեղ ծրագիր, որտեղ եկեղեցու յուրաքանչյուր հավատացյալ կարող է իր մասնակցության քարը զետեղել տաճարի պատին՝ որպես հավատքի գրավական և սիրո առհավատչյա։
Եկեղեցական կառույցն օժտված է լինելու ավանդական և ժամանակակից ճարտարապետական լուծումներով։ Հայ և իտալացի ձևավորողների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնական սրահը, Զվարթնոցի տաճարի նմանողությամբ, լինելու է կլոր, իսկ ապակեպատ գմբեթի մանրանկարները ներկայացնելու են Աստվածաշնչի, հայ եկեղեցու պատմության սրբազան դրվագներ։ Եկեղեցական համալիրը վեր խոյանալով Հոլիվուդի սրտում՝ նոր էջ է բացելու Լոս Անջելեսի հայության կյանքում։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թ.-ի վերջին։