Տեր Արամ ավագ քհն. «Հունանյան. Տասը միլիոն հայությունից երեք միլիոնը կարող մարդիկ են, ու թե իրենց ներդրումն ունենան Հայաստանում, երկիրը մի քանի անգամ ավելի լավ կապրի»

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է  ՌԴ Ստավրոպոլի երկրամասի հայության եւ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման խնդիրների շուրջ Հարավային Ռուսատանի առաջնորդական փոխանորդ, Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արամ ավագ քահանա Հունանյանի հետ զրույցը։

-Ինչպիսի՞ն է այսօր ՌԴ Ստավրոպոլի երկրամասի հայության հոգեւոր կյանքը։

-Հոգեւոր այս ծառայությանը ինձ  նշանակել  է երջանկահիշատակ Վազգեն առաջին  վեհափառ հայրապետը։ Երբ անցա հոգեւոր ծառայության,  ոչինչ չկար այնտեղ, սկսեցինք զրոյից, եւ, փառք Աստծո, այսօր ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ունենք յոթ եկեղեցի` հարակից կառույցներով։ Առաջին օրվանից մինչեւ այսօր հետեւում եմ հավատացյալների հաճախելիությանը եկեղեցի, եւ կարող եմ ասել, որ ամեն տարի ավելանում են եկեղեցու այցելուները, ովքեր առանց եկեղեցու չեն պատկերացնում հայի կյանքը։ Հատկապես, որ ապրում ենք օտար երկրում եւ բազմազգ հասարակությունում, որտեղ ազգային պատկանելիությունն ամեն պահի մատնանշում են։ Եւ պարտավորվում ես, պահպանելով սեփական ավանդույթներդ,  ապացուցել ով լինելդ։

-Հայության հավաքականությունը Ստավրոպոլում միա՞յն եկեղեցին է ապահովում։

-Համայանքն ու եկեղեցին առանձին իրավաբանական անձինք են, բայց համատեղ ենք գործում։ Ժողովուրդն էլ, նայելով մեր միասնականությանը, չի բաժանվում խմբավորումների։ Մեր ուժերը միատեղ գործադրելով`ուզում ենք ավելի արդյունավետ աշխատել։ Այսօր համայնքի շատ մեծ շենք ունենք, որտեղ  ժամանցի եւ անձի զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչ կա։ Եկեղեցուն կից էլ գործում են հովվատունը եւ կիրակնօրյա դպրոցը։  Արդեն հինգերորդ տարին է, ինչ գործում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան  դպրոցը, որտեղ դասավանդվում է Հայոց լեզու եւ գրականություն, Հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմություն։ Երբ նոր էինք սկսում, դպրոցն ուներ 40, իսկ հիմա 350 աշակերտ։ Շատերը գալիս են առանց հայերեն մի բառ կամ տառ իմանալու եւ ավարտում են հայերենի կարդալ գրելու իմացությամբ, իսկ ավարտելուց հետո անդամագրվում են Երիտասարդաց միությանը։

-Համայնքի երիտասարդները Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերո՞ւմ են։

-Արդեն հինգերորդ տարին է, որ ամեն տարի տասնհինգ օրով անձամբ Հայաստան եմ բերում կիրակնօրյա դպրոցի երեսուն աշակերտ`ծանոթացնելու երկրին, ցույց տալու հոգեւոր եւ մշակութային կենտրոններն ու արժեքները։ Եւ պետք է ասեմ` այցելությունից հետո Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է` այստեղ սովորելու, այստեղ ամուսնանալու, ապրելու չափ…

-Հայաստանյան կառույցների հետ համագործակցությունն ի՞նչ ծավալի է։

-Արդեն երկու տարի համագործակցություն կա ՀՀ սփյուռքի նախարարության հետ։ Միակողմանի գործունեությունը ցանկալի արդյունավետության չի կարող բերել։ Իհարկե, համագործակցության ակտիվացումը շատ կարեւոր եմ համարում։ Անցյալ տարի նախարարությունից պաշտոնյաներ եկան, Ստավրոպոլի երկրամասի համյանքներում  ներկայացրեցին ծրագրերը, ու գտանք համագործակցության նոր ձեւեր։ Բայց Սփյուռք-Հայաստան կապերի զարգացման եւ ամրապնդման համար պետք է սկսել գլխից։ Մեր նպատակը հայերին հայրենիքի հետ կապելն է ու ի վերջո հայրենիք վերադարձնելը։ Վերջերս «Շանթ» հեռուստաալիքով մի հաղորդում տեսա։ Հենց այս հարցի երկժամյա քննարկման ընթացքում այդպես էլ ոչ ոք չասաց, թե որն է Հայաստանից  հեռանալու եւ չվերադառնալու պատճառը։ Մենք պիտի մտածենք գնալու պատճառի մասին, եթե ուզում ենք վերադառնան։  Պատճառից չենք խոսում, դեռեւս պայմաններ ստեղծելու մասին չենք մտածում ու միայն ստիպում ենք, իսկ այդ ձեւով հայերը չեն վերադառնա հայրենիք։

-Խնդիրը միայն պատճառը բացահայտե՞լն է։

-Ոչ, իհարկե ոչ։  Պայմաններ պետք է ստեղծվեն, այլապես հինգ մշակույթի եւ նույնքան էլ Սփյուռքի նախարարություն, եւ տասը հեղինակավոր նախարար չեն կարող հային կապել հայրենիքի հետ, առավել եւս` վերադարձնել հայրենիք։ Գրքեր բաժանելով ու քարոզ կարդալով հայրենիք չես վերադարձնի մարդուն։ Եթե ուզում ենք գան, Հայաստանը պիտի զորացնենք եւ պայմաններ ստեղծենք, որպեսզի ոչ թե խնդրենք կամ ստիպենք, այլ գան ու ցանկություն հայտնեն Հայաստանում ապրելու համար։ Վերջին տարիներին իմ քարոզը հայությանը այն էր, որ պետք է ներդրում կատարել Հայաստանի զարգացման համար եւ վերադառնալ հայրենիք, չէ որ մեր երկիրն է, եւ մեր ունեցվածքի թեկուզ մի մասը  թող լինի հայրենիքում` ի պաշտպանություն եւ հանուն երկրի զարգացման։ Պատմությունից հայտնի է, որ մեր մեծահարուստներն իրենց կյանքն ու գործունեությունը  ծավալել են այլ երկրում եւ նվիրել ուրիշ ժողովուրդներին։ Սկսած Մանթաշովից գործեցին, ապրեցին Թիֆլիսում, Բաքվում եւ հիմա ո՞ւր է նրանց ժառանգությունը. թողեցին դրսում` գնաց կորավ…. Տասը միլիոն հայությունից երեք միլիոնը կարող մարդիկ են, ու թե իրենց ներդրումն ունենան Հայաստանում, վստահ եմ` երկիրը մի քանի անգամ ավելի լավ կապրի։

-Ասվածի գիտակցումը, թերեւս  կա համայնքում, իսկ գործնական քայլերի այն հասնո՞ւմ է։ 

-Մարդիկ ուզում են գալ Հայաստանում ներդրումներ կատարել, բայց անհայտ պատճառներով խոչընդոտում են։ Սա ցավալի փաստ է, որ բարձրաձայնվում է համայնքում տեղի ունեցած անմենատարբեր հավաքների ու առանձին զրույցների ժամանակ։ Խոչընդոտները մեկը կամ երկուսը չեն եւ կպակասեն երկքաղաքացիության հնարավորության դյուրացմամբ, ինչը միանշանակ կնպաստի երկրի զարգացմանը։ Բայց անկախ ամեն ինչից, հայ ժողովուրդը հարկ է, որ չմոռանա հայրենիքն ու հավատը։ Եթե հայրենիքում պայմանները վատն են, չի նշանակում, թե պետք է լքել այն։ Դժվարություններին էլ պետք է դիմանալ։ Ժամանակ է պետք։ Ես կոչ եմ անում հայերին չլքել իրենց երկիրը: Հայրենիքը լքելը կործանման է բերում:

Scroll Up