Տէր Արամ աւագ քհն. Յունանեան. Տասը միլիոն հայութիւնից երեք միլիոնը կարող մարդիկ են, ու թէ իրենց ներդրումն ունենան Հայաստանում, երկիրը մի քանի անգամ աւելի լաւ կ’ապրի

<Հայերն այսօր>-ը ներկայացնում է  ՌԴ Ստաւրոպոլի երկրամասի հայութեան եւ Հայաստան-սփիւռք կապի ամրապնդման խնդիրների շուրջ Հարաւային Ռուսատանի առաջնորդական փոխանորդ, Պեատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Արամ աւագ քահանայ Յունանեանի հետ զրոյցը:

-Ինչպիսի՞ն է այսօր ՌԴ Ստաւրոպոլի երկրամասի հայութեան հոգեւոր կեանքը:

-Հոգեւոր այս ծառայութեանը ինձ  նշանակել  է երջանկայիշատակ Վազգէն առաջին  վեհափառ հայրապետը: Երբ անցայ հոգեւոր ծառայութեան,  ոչինչ չկար այնտեղ, սկսեցինք զրոյից, եւ, փառք Աստծոյ, այսօր ՌԴ Ստաւրոպոլի երկրամասում ունենք եօթ եկեղեցի` յարակից կառոյցներով: Առաջին օրուանից մինչեւ այսօր հետեւում եմ հաւատացեալների յաճախելիութեանը եկեղեցի, եւ կարող եմ ասել, որ ամէն տարի աւելանում են եկեղեցու այցելուները, ովքեր առանց եկեղեցու չեն պատկերացնում հայի կեանքը: Յատկապէս, որ ապրում ենք օտար երկրում եւ բազմազգ հասարակութիւնում, որտեղ ազգային պատկանելիութիւնն ամէն պահի մատնանշում են: Եւ պարտաւորւում ես, պահպանելով սեփական աւանդոյթներդ,  ապացուցել ով լինելդ:

-Հայութեան հաւաքականութիւնը Ստաւրոպոլում միա՞յն եկեղեցին է ապահովում:

-Համայանքն ու եկեղեցին առանձին իրաւաբանական անձինք են, բայց համատեղ ենք գործում: Ժողովուրդն էլ, նայելով մեր միասնականութեանը, չի բաժանւում խմբաւորումների: Մեր ուժերը միատեղ գործադրելով`ուզում ենք աւելի արդիւնաւէտ աշխատել: Այսօր համայնքի շատ մեծ շէնք ունենք, որտեղ  ժամանցի եւ անձի զարգացման համար անհրաժեշտ ամէն ինչ կայ: Եկեղեցուն կից էլ գործում են հովուատունը եւ կիրակնօրեայ դպրոցը:  Արդէն հինգերորդ տարին է, ինչ գործում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուան  դպրոցը, որտեղ դասաւանդւում է Հայոց լեզու եւ գրականութիւն, Հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմութիւն: Երբ նոր էինք սկսում, դպրոցն ունէր 40, իսկ հիմա 350 աշակերտ: Շատերը գալիս են առանց հայերէն մի բառ կամ տառ իմանալու եւ աւարտում են հայերէնի կարդալ գրելու իմացութեամբ, իսկ աւարտելուց յետոյ անդամագրւում են Երիտասարդաց միութեանը:

-Համայնքի երիտասարդները Հայաստանի հանդէպ հետաքրքրութիւն ցուցաբերու՞մ են:

-Արդէն հինգերորդ տարին է, որ ամէն տարի տասնհինգ օրով անձամբ Հայաստան եմ բերում կիրակնօրեայ դպրոցի երեսուն աշակերտ`ծանօթացնելու երկրին, ցոյց տալու հոգեւոր եւ մշակութային կենտրոններն ու արժէքները: Եւ պէտք է ասեմ` այցելութիւնից յետոյ Հայաստանի հանդէպ հետաքրքրութիւնը մեծանում է` այստեղ սովորելու, այստեղ ամուսնանալու, ապրելու չափ…

-Հայաստանեան կառոյցների հետ համագործակցութիւնն ի՞նչ ծաւալի է:

-Արդէն երկու տարի համագործակցութիւն կայ ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ: Միակողմանի գործունէութիւնը ցանկալի արդիւնաւէտութեան չի կարող բերել: Ի հարկէ, համագործակցութեան ակտիւացումը շատ կարեւոր եմ համարում: Անցեալ տարի նախարարութիւնից պաշտօնեաներ եկան, Ստաւրոպոլի երկրամասի համեանքներում  ներկայացրեցին ծրագրերը, ու գտանք համագործակցութեան նոր ձեւեր: Բայց Սփիւռք-հայաստան կապերի զարգացման եւ ամրապնդման համար պէտք է սկսել գլխից: Մեր նպատակը հայերին հայրենիքի հետ կապելն է ու ի վերջոյ հայրենիք վերադարձնելը: Վերջերս ՙՇանթ՚ հեռուստաալիքով մի հաղորդում տեսայ: Հէնց այս հարցի երկժամեայ քննարկման ընթացքում այդպէս էլ ոչ ոք չասաց, թէ որն է Հայաստանից  հեռանալու եւ չվերադառնալու պատճառը: Մենք պիտի մտածենք գնալու պատճառի մասին, եթէ ուզում ենք վերադառնան:  Պատճառից չենք խօսում, դեռեւս պայմաններ ստեղծելու մասին չենք մտածում ու միայն ստիպում ենք, իսկ այդ ձեւով հայերը չեն վերադառնայ հայրենիք:

-Խնդիրը միայն պատճառը բացայայտե՞լն է:

-Ոչ, ի հարկէ ոչ:  Պայմաններ պէտք է ստեղծուէն, այլապէս հինգ մշակոյթի եւ նոյնքան էլ Սփիւռքի նախարարութիւն, եւ տասը հեղինակաւոր նախարար չեն կարող հային կապել հայրենիքի հետ, առաւել եւս` վերադարձնել հայրենիք: Գրքեր բաժանելով ու քարոզ կարդալով հայրենիք չես վերադարձնի մարդուն: Եթէ ուզում ենք գան, Հայաստանը պիտի զօրացնենք եւ պայմաններ ստեղծենք, որպէսզի ոչ թէ խնդրենք կամ ստիպենք, այլ գան ու ցանկութիւն յայտնեն Հայաստանում ապրելու համար: Վերջին տարիներին իմ քարոզը հայութեանը այն էր, որ պէտք է ներդրում կատարել Հայաստանի զարգացման համար եւ վերադառնալ հայրենիք, չէ որ մեր երկիրն է, եւ մեր ունեցուածքի թէկուզ մի մասը  թող լինի հայրենիքում` ի պաշտպանութիւն եւ յանուն երկրի զարգացման: Պատմութիւնից յայտնի է, որ մեր մեծահարուստներն իրենց կեանքն ու գործունէութիւնը  ծաւալել են այլ երկրում եւ նուիրել ուրիշ ժողովուրդներին: Սկսած Մանթաշովից գործեցին, ապրեցին Թիֆլիսում, Բաքւում եւ հիմա ու՞ր է նրանց ժառանգութիւնը. թողեցին դրսում` գնաց կորաւ…. Տասը միլիոն հայութիւնից երեք միլիոնը կարող մարդիկ են, ու թէ իրենց ներդրումն ունենան Հայաստանում, վստահ եմ` երկիրը մի քանի անգամ աւելի լաւ կ’ապրի:

-Ասուածի գիտակցումը, թերեւս  կայ համայնքում, իսկ գործնական քայլերի այն հասնու՞մ է:

-Մարդիկ ուզում են գալ Հայաստանում ներդրումներ կատարել, բայց անյայտ պատճառներով խոչընդոտում են: Սա ցաւալի փաստ է, որ բարձրաձայնւում է համայնքում տեղի ունեցած անմենատարբեր հաւաքների ու առանձին զրոյցների ժամանակ: Խոչընդոտները մէկը կամ երկուսը չեն եւ կը պակասեն երկքաղաքացիութեան հնարաւորութեան դիւրացմամբ, ինչը միանշանակ կը նպաստի երկրի զարգացմանը: Բայց անկախ ամէն ինչից, հայ ժողովուրդը յարկ է, որ չմոռանայ հայրենիքն ու հաւատը: Եթէ հայրենիքում պայմանները վատն են, չի նշանակում, թէ պէտք է լքել այն: Դժուարութիւններին էլ պէտք է դիմանալ: Ժամանակ է պէտք: Ես կոչ եմ անում հայերին չլքել իրենց երկիրը: Հայրենիքը լքելը կործանման է բերում:

Scroll Up