Թեհրանի «Զարթոնք» պարախմբի անդամներն այցելել են Արցախ. լուսանկարներ

Թեհրանի «Զարթոնք» պարախմբի անդամները բարեգործական նախաձեռնությամբ այցելել են Արցախ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Զարթոնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Լորետա Ավետիսյանն ասել է, որ իրենք եղել են Հադրութի   շրջանի   Առաջամուղի,  Կարմրակուճի, Մարտակերտի  շրջանի  Կիչանի  կրթօջախներում և Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում:

«Թեհրանում կազմակերպել ենք մեր պարախմբի  բարեգործական  համերգը և  հավաքագրված ողջ հասույթը  նվիրաբերել ենք Արցախին: Մասնավորապես Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանին ենք նվիրաբերել  վերնաշապիկներ, Կիչանի դպրոցի երեխաներին՝ սպորտային համազգեստ, գնդակներ և պրոյեկտոր. վերջինս միջոցով նրանք հնարավորություն կունենան դիտելու տեսանյութեր: Առաջամուղի, Կարմրակուճի կրթօջախներին էլ նվիրաբերել ենք գրատախտակներ, շերտավարագույրներ և մարզական իրեր»,- ավելացրել է Լ. Ավետիսյանը և նշել, որ Արցախին աջակցելու իրենց առաքելությունը շարունակական է լինելու:

Խոսելով Արցախում   նախկինում  իրականացված     ծրագրերի մասին՝ Լ. Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին  ևս   իրենք օժանդակություն են ցուցաբերել  Մարտակերտի շրջանի Կիչանի և Նոր Ղազանչիի միջնակարգ դպրոցին:

Այցի ընթացքում «Զարթոնք» պարախմբի անդամներն այցելել են  ՊԲ   զորամասեր, եղել առաջնագծում՝ զինվորներին հանձնելով նվերներ:Ստեփանակերտում  մասնակցել են Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Մեր այն հարցին, թե  երբ են  պատրաստվում  համերգային ծրագրով  հանդես գալ Արցախում, մեր զրուցակիցն ասել է, որ այդ ուղղությամբ առաջիկայում   նախատեսված ծրագրեր ունեն:

Այցի ընթացքում «Զարթոնք» պարախմբի անդամներին  ընդունել   են   ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության և պաշտպանության նախարարները:

Տեղեկացնենք նաև, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը «Զարթոնք» պարախմբի գեղարվեստական ղեկավար  Լորետա  Ավետիսյանին  պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով:

Նշենք, որ «Զարթոնք» պարախումը ստեղծվել է 1989 թվականին և այս տարի լրանում է նրանց գործունեության 30-ամյակը:

Scroll Up