Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում նշվել է Ղափամայի տոնը

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, պատարագից հետո, տեղի է ունեցել ղափամայի տոն, որն իրականացվել է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:
Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել «Շուշանիկ» կազմակերպության և Սուրբ Գևորգ եկեղեցասեր տիկնանց միության անդամների, թիվ 104 հայկական դպրոցի առաջին դասարանի ծնողների և թբիլիսահայ տիկնանց կողմից պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը և սուրճը դդմի մուրաբաներով ու ջեմով, հալվայով ու մեղրով:
Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Տոնի առիթով Երևանից ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը:
Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորել է հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որը սիրով կատարում են համայնքային կառույցը և եկեղեցասեր կանայք: Բանախոսը նշել է, որ այս համով-հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են Ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության խոսքում կարևորել է ազգային խոհանոցը արդիականացնելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, անդրադարձ կատարել փառատոնի խորհրդին՝ նշել նմանատիպ միջոցառումների նշանակությունը և այդ համատեքստում խոսել նաև նոր նախաձեռնությունների ու արդեն նախատեսված միջոցառումների մասին։ Սրբազան հայրը բարձր է գնահատել թբիլիսահայ հասարակության շրջանում հայկական մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը, որի մասն է կազմում նաև հայոց խոհանոցը:
ՀՀ դեսպանության դիվանագետ Հարություն Հայրապետյանն իր խոսքում բարձր գնահատելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծել է դեսպանության պատրաստակամությունը առաջիկայում աջակցելու այլ փառատոնների կազմակերպմանը:
Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվել են դդմի տարբեր տարատեսակներով սեղանները և «Ղափամա» երգի ուղեկցությամբ տեղի է ունեցել թեյախմություն, որին մասնակցել են նաև բազում զբոսաշրջիկներ, Վրաստանի տարբեր ազգի բնակիչներ և հյուրեր:
Նշենք, որ Վիրահայոց թեմում պարբերաբար կազմակերպվում են հայկական ավանդական ճաշատեսակներին նվիրված փառատոններ. հարիսայի, գաթայի, տոլմայի և ղափամայի: