Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը թարգմանվել է ռումիներեն
Անցյալ շաբաթ Ռումինիայի Հայոց միության «Արարատ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հայտնի վեպը՝ ռումիներեն թարգմանությամբ (Vahan Totovenţ, Viaţa pe vechiul drum roman, Editura Ararat, 2017, 159 էջ): Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, թարգմանությունը կատարել է ռումինահայ ճանաչված լրագրող, գրող և թարգմանիչ, Ռումինիայի և Հայաստանի գրողների միության անդամ Մադլեն Գարագաշյանը (Madeleine Karacașian):
Մադլեն Գարագաշյանը ծնվել է 1934թ. Ռումինիայի Կրայովա քաղաքում, գաղթականի ընտանիքում: Ստացել է երաժշտական կրթություն, երկար տարիներ աշխատակցել է Ռումինական ռադիոյի տարբեր ծրագրերին, ռումինական տասնյակ թերթերին և հանդեսներին`բազմիցս անդրադառնալով նաև հայկական մշակույթին և նրա մեծերին, Հայաստան կատարած իր ուղևորություններին: Զուգահեռ աշխատել է նաև Բուխարեստի «Ararat» և «Նոր Կյանք» շաբաթաթերթի խմբագրությունում, թղթակցել «Հայրենիքի ձայնին»:
Մադլեն Գարագաշյանն սկսել է թարգմանություններ կատարել 1982թ., հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներից: Հայ գրականությունից նա թարգմանել է Ալեքսանդր Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի, Մետաքսեի, Կարինե Խոդիկյանի, Դավիթ Մուրադյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Էլդա Գրինի գործերը, ինչպես նաև «Հայ ժամանակակից արձակի անթոլոգիայի» համար տասից ավելի այլ հեղինակների: Ֆրանսերենից թարգմանել է Հակոբ Խաչիկյանի և Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի», Հակոբ Խաչիկյանի «Ճակատագրի ափերը» վեպերը, ինչպես նաև Ռիշար Բալդուչիի «Շառլ Ազնավուր. Պոհեմի մը զավակի խոստովանությունները» գործը:
Վերջին քառորդ դարի ընթացքում հայ հեղինակների, մասնավորապես՝ Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի, Վարդգես Պետրոսյանի, Աղասի Այվազյանի, Վանո Սիրադեղյանի, Գրիգոր Բաբայանի գործերը ռումիներեն թարգմանել են Սարգիս Սելյանը, Մելինե Փոլադյանը և Արփիար Սահակյանը: Հայ ժողովրդական տաղերը ֆրանսերենից ռումիներեն է թարգմանել բանաստեղծուհի Անահիս Ներսեսյանը:
Այս թարգմանությունների շնորհիվ հայ գրականությունը որոշ չափով հասանելի է դարձել ռումին ընթերցողին: Իսկ ահա ռումինական հարուստ գրականությունը, որը հատկապես ծաղկման է հասել 19-20-րդ դարերում, հատուկենտ թարգմանություններից բացի, անծանոթ է մնում հայ ընթերցողին: Հակոբ Սիրունին ժամանակին՝ 1939թ., թարգմանել է ռումին ազգային բանաստեղծ Միհայ Էմինեսկուի բանաստեղծությունների հատորյակը, իսկ 2012թ. Սարգիս Սելյանը հայերենի է վերածել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը:
Արդի ռումինական գրականության ճանաչված դեմքերից են վիպագիրներ Շտեֆան Հակոբյանը և Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոսներ Պետրոս Խորասանջյանը և Վարդան Առաքելյանը: