«Շնորհավո՛ր Ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը շարունակվում է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/christmas-nkar-2012.jpg)
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) շարունակում է իրագործել «Շնորհավո`ր Ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են ՀՀԿ ԵԿԱ Խորհուրդից:
«Սիրելի՛ Երիտասարդներ,
Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) շարունակում է իրագործել արդեն բարի ավանդույթ դարձած «Շնորհավո՛ր Ամանորդ, իմ նոր ընկեր» Համահայկական երիտասարդական ծրագիրը, որի նպատակն է օգտագործելով Ամանորը շնորհավորելու բարի ավանդույթը, նամակների (այդ թվում էլեկտրոնային նամակների), բացիկների միջոցով շնորհավորել միմյանց` նոր կապեր հաստատելով Սփյուռքում եւ Հայաստանում, հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ երիտասարդների միջեւ:
Սփյուռքում բնակվող հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
Խնդրում ենք, մինչ դեկտեմբերի 25-ը ուղարկել մեզ (Հայաստանի Հանրապետություն, Քաղաք Երևան, Տերյան փողոց 69, 4-րդ հարկ, ինդեքս՝ 0009 կամ mynewfriend2014@yahoo.com Էլ. հասցեին) Ձեր ամանորյա շնորհավորանքը (Էլեկտրոնային նամակի կամ բացիկի տեսքով), որոնք կփոխանցենք Երևանի և հատկապես Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի երիտասարդներին, Հայոց բանակի զինծառայողներին:
Տեղեկացնենք, որ նախորդ տարի, ստացել ենք նամակներ ավելի քան 13 երկրից: Ծրագրի շրջանակներում Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև ձևավորվել են ընկերական կապեր, եղել են փոխադարձ այցելություններ, ձևավորվել է չորս հայկական ընտանիք:
Անհամբեր սպասում ենք ձեր նամակներին և շնորհավորական բացիկներին»,- ասված է ՀՀԿ ԵԿԱ Խորհուրդի տարածած հաղորդագրության մեջ: