«Գեղարդ» անսամբլը ներկայացրեց Հայաստանը միջազգային 34-րդ ֆոլկլորային փառատոնին

Օգոստոսի 10-ից Ռումինիկայի Արջեշ/Argeş նահանգում մեկնարկեց «Կարպատներ» միջազգային ֆոլկլորային փառատոնի 34-րդ թողարկումը, որի բացումը կայացավ նահանգի Պիտեշտ/Piteşti կենտրոնում, ապա շարունակվեց նահանգի այլ քաղաքներում ու բնակավայրերում: Փառատոնն անցկացվում էր «Արջեշի եւ Մուշչելի տոնախմբություններ» մշակութային միջոցառումների 11-րդ թողարկման շրջանակներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանատնից:

Ռումինական խմբերի կողքին այս տարի փառատոնին հրավիրված էին մասնակցելու պարախմբեր Հայաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Լեհաստանից, Մոլդովայից, Թուրքիայից եւ Բուլղարիայից:

Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց ժողովրդական պարի «Գեղարդ» անսամբլը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանի գլխավորությամբ, առանձնանալով պարային համարների բարձրարվեստ կատարումներով, հմուտ գործիքային ուղեկցությամբ եւ ազգային տարազների գունագեղ բազմազանությամբ:

Փառատոնի բացմանը ներկա էր Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, որը հանդիպումներ ունեցավ Արջեշի նահանգային խորհրդի նախագահ Կոնստանտին Դան Մանուի/Constantin Dan Manu եւ Պիտեշտի քաղաքապետ Կոնստանտին Կորնել Իոնիկայի/Constantin Cornel Ionică հետ՝ նրանց հետ քննարկելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նահանգային մակարդակով եւ դրանց կենտրոններ Գյումրի եւ Պիտեշտ քաղաքների միջեւ հաստատված համագործակցային հարաբերությունների ամրապնդման, փոխայցելությունների ակտիվացման հնարավորությունները:

Երկշաբաթյա միջազգային փառատոնի շրջանակներում հայկական պարախմբի ելույթները շարունակվում են: «Գեղարդ» անսամբլը ռումին հանդիսատեսին արդեն քաջածանոթ էր 2015թ. Բուխարեստի Ֆոլկլորի ամենամյա միջազգային փառատոնում ունեցած իր ելույթներից:

Scroll Up