Մոսկվայում կմեկնարկի «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը

«Հայերն այսօր»-Հուլիսի 14–ին Մոսկվայի գլխավոր գրախանութում` «Բիբլիո-Գլոբուսում», մեկնարկելու է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նոր` «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը:
Այն բացվելու է ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հետ հանդիպումով: Ազգությամբ բաշկիր ռուսաստանյան քաղաքական գործիչը հեղինակն է «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի, ուր պատմական աղբյուրների վերլուծությամբ չափածո կերպով շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը:
Հայաստանի բաշկիր բարեկամի հետ հանդիպմանը կմասնակցեն ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ:
Նախատեսվում է «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում ռուսաստանյան տեղեկատվական և վերլուծական հարթակներում պարբերաբար կազմակերպել ձեռնարկներ, ուր կներկայացվեն ոչ հայ հեղինակների աշխատությունները, վերլուծությունները, ֆիլմերը և այլ նյութեր Հայաստանի պատմության, մշակույթի ու ժամանակակից կյանքի վերաբերյալ:
Նշենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է այս տարվա ապրիլի 3–ին` Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի օրը: Այն վերկուսակցական միավորում է, որը հիմնականում համախմբում է նոր սերնդի քաղաքագետների, լրագրողների և վերլուծաբանների: Կազմակերպության նախագահն է հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանը: