«Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի աշակերտները  մտքով միշտ Հայաստանում են

ՀԲԸՄ-ի ԱՄՆ-ում գործող «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական ամենօրյա վարժարանի աշակերտներն արդեն 10 տարի է, որ ավանդաբար ամառային արձակուրդին տնօրենի, ուսուցիչների ուղեկցությամբ Հայաստան են գալիս:

Նրանց երկշաբաթյա ճամփորդությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում շրջագայելով. ճամփորդության «առանցքը» դառնում է աշակերտների հանգանակած ամբողջ գումարով բարեգործական տարբեր նախաձեռնությունների  իրականացումը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանն ասաց, որ բարեգործական ծրագրերը կյանքի կոչելով՝ իրենց գլխավոր նպատակն է աշխարհասփյուռ երիտասարդների մոտ արթնացնել Հայրենիքին, հայ մարդուն օգտակար լինելու ցանկությունը, նրանց հոգում հայրենասիրություն սերմանելը, ինչպես նաև Հայաստան այցելությունները հաճախակի դարձնելը:

Գումարը հավաքվում է տարբեր միջոցներով. աշակերտները քաղցրավենիք են վաճառում, աշակերտական նվագախումբն է ելույթներ ունենում և այլն:

Դպրոցում ստեղծվել է «Օգնենք մարդկությանը՝ արվեստի միջոցով» խմբակը (Helping people through the arts club), որի շրջանակներում էլ խմբակի ղեկավար, խորհրդատու, վարժարանի հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Եարալեանի գլխավորությամբ իրականացվում են դրամահավաքի միջոցառումները:

Խմբակի համանախագահներն են Լիլյա և Ալեքսանդրա Եարալեանները, իսկ փոխնախագահը Նատալի Մոմջյանն է: Խմբակի անդամներն են Նանոր Պետրոսյանը, Քրիստինե Հակոբյանը, Արսինե Կոլանջյանը, Ալիք Կուրդյանը, ովքեր գործուն մասնակցություն են ունենում դրամահավաքների կազմակերպման հարցում:

Աշակերտներն Ապրիլյան քառօրյա պատմերազմի օրերին զինվորներին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար բռունցքվել, մեկ մարդու պես ոտքի էին կանգնել: Արձագանքը չուշացավ. տարբեր միջոցառումների արդյունքում հավաքված 6600 ԱՄՆ դոլարն աշակերտներն անցյալ տարի խոր հուզումով հանձնեցին զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:

Իսկ այս տարվա այցելությունը հատկանշվեց Հայաստանում հաստատված սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարարությունում 3000 ԱՄՆ դոլարի տրամադրմամբ: Դրամահավաքն իրականացվել էր «Օգնենք սիրիահայությանը» խորագրի ներքո:

Այս անգամ վարժարանի ինը աշակերտ կամավորական աշխատանքներ է կատարելու «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում:

Նշենք, որ «Օգնենք մարդկությանը՝ արվեստի միջոցով» խմբակը «Օրրան»-ի բոլոր երեխաներին սեպտեմբերի 1-ի առիթով կոշիկներ է նվիրել: Այդ կոշիկներից բաժին է հասել նաև Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաներին:

Վարժարանի աշակերտներից Ալեքսանդրա և Լիլիա Եարալեանները մասնակցելու են ՀԲԸՄ Հայաստանի «Musical Armenia» նախագծին:

Արփի Ավանեսյանն, ավելի հանգամանորեն խոսելով վարժարանի մասին, տեղեկացրեց, որ 1976 թվականին հիմնված  հայապահպանության դարբնոցում այս տարվա տվյալներով 706 աշակերտ է սովորում՝ մանկամսուր, մանկապարտեզ, տարրական, միջնակարգ և ավագ բաժիններով: Սկզբում նախ գործել է որպես Կալիֆորնիայի Հայ Առաքելական Սբ. Պետրոս եկեղեցուն կից դպրոց, հետագայում, աշակերտների թվի ավելացման պատճառով, ՀԲԸՄ այն ժամանակվա նախագահ Ալեք Մանուկյանի նվիրատվության շնորհիվ՝ տեղափոխվել է առանձին շենք: Դպրոցն անվանակոչվել է Ալեք Մանուկյանի և Լիբանանից ԱՄՆ գաղթած բարերարներ Սարգիս և Սեդա Դեմիրճյանների պատվին՝ ստանալով ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարան անվանումը:

Դպրոցում ուսուցումն իրականացվում է ամերիկյան պետական ծրագրով, դասավանդվում է նաև hայոց լեզու, գրականություն, մշակույթ, պատմություն, կրոն, երաժշտություն առարկաները: Գործում են հայկական պարի, շախմատի խմբակներ: Կալիֆորնիայում  շախմատի խմբակ ունեցող միակ հայկական վարժարանն է, որի սաներն արդեն զգալի հաջողություններ են գրանցել, ունեն բազմաթիվ մրցաշարերի պատվոգերեր: Դասընթացներն արևմտահայերենով են անցկացնում, սակայն այս տարի արդեն սկսել են նաև զուգահեռ արևելահայերենի կիրառումը:

«Սփյուռքում հայ երեխաների ինքնության պահպանման գործում հայկական դպրոցի առկայությունը շատ կարևոր հանգամանք է, մենք ջանք ու եռանդ չենք խնայում մեր աշակերտներին Մայրենին սովորեցնելու ուղղությամբ, այն արդյունքին ենք հասել, որ հստակ գրում-կարդում են՝ հարստացնելով հայոց լեզվի գիտելիքների շտեմարանը»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ աշակերտները բավականին պատրաստակամ են Մայրենին կատարելագործելու համար, քանի որ գիտակցում են՝ օտար ափերում սեփական լեզուն իմանալով միայն կարող են պահպանել ազգային դիմագիծը:

ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի աշակերտներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու և Մայրենիի անաղարտության պահպանման գործում  մեծ է նաև հայոց լեզվի ուսուցչուհիներից Աննա Եարալեանի դերը, ով 13 տարի շարունակ զբաղված է այս կարևոր առաքելությամբ:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ուսուցչուհին վստահեցրեց, որ գրեթե բոլոր աշակերտները հայախոս են: Հայերենի ուսուցման դասերը սկսում են դեռևս մանկապարտեզից:

Ճիշտ է՝ սովորելու ընթացքում երբեմն հանդիպում են դժվարությունների, բայց չեն ընկրկում. համատեղ աշխատանքի շնորհիվ հասնում են ցանկալի արդյունքի: Սիրով է աշխատում երեխաների հետ, քանի որ բոլորն էլ հետաքրքրված են Մայրենիով:

«Մեծ շուքով ենք նշում ազգային, եկեղեցական և պետական տոները, երեխաներն էլ այդ օրերին խանդավառությամբ են սպասում, նույնիսկ «Վերջին զանգ»-ի արարողությունն ենք սկսել հայաստանյան «ավանդույթներով» կազմակերպել: Միջոցառումների անցկացմամբ աշակերտներին ծանոթացնում ենք հայկական մշակույթին, պատմությանը՝ նպաստելով կառչած մնալ սեփական արմատներին»,-ասաց Աննա Եարալեանը:

Հավելենք նաև, որ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանի աշակերտներն ակտիվ մասնակցություն են ունեցել  ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» և «Նամակ հայ զինվորին» շարժումներին: Վարժարանի մանուկների գրած նամակները հասել են հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին, ովքեր ոգևորվել, հուզվել են սփյուռքահայ երեխաների անկեղծ, սրտաբուխ գրված տողերից և հայրենասիրական կեցվածքից:

Մեր քաջարի զինվորներն ի պատասխան շնորհակալական նամակներ են հղել վարժարանի աշակերտներին, որոնք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված աշակերտներին՝ հորդորելով դրանք իբրև սուրբ մասունք պահպանել:

Գևորգ Չիչյան

Scroll Up