Ավարտական հանդես Օդեսայի կիրակնօրյա դպրոցում
Օդեսայի հայկական համայնքը այցելելու պատիվը կավարտենք աննման տպավորությամբ՝ դպրոց մեր այցով։ Հիանալի նախաձեռնություն է, որ տիկին Էլեն Պողոսյանի անխոնջ աշխատանքի արժանավոր վարձատրությունն է մեր ցիրուցան եղած ազգին, ինչպես նաև Օդեսայի գաղութի նվիրյալ անդամների ու ղեկավարության, որ Ուկրաինայի ազնիվ հողի այս ափի վրա մեր հայրենի շունչն ու հայությունը կպահեն ողջ, որպեսզի մեր ազգի ջահը մնա անմար այն լույսով, որ բոլոր հայերս կհամախմբվենք մեր հայրենի հողի վրա՝ Արարատի աչքի տակ։
(2012թ., ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներ , Հալեպ, Նյու Յորք, Բուենոս Այրես)
Մայիսի 28-ն էր։ Հանդիսասրահում խայտում էին հանրահայտ երգի ուրախ, բայց միևնույն ժամանակ, քնքուշ թախիծ պատճառող ելևէջները.
Ու հնչեց զանգը , հնչեց, ու հնչեց վերջին անգամ՝
Ծաղիկներով, մի քիչ՝ թաց աչքերով…
Կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին,
Բայց ինչ արած՝ մնաք բարո՜վ…
Ու հնչեց զանգը վերջին. Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների համար այն հրաժեշտ էր հարազատ դպրոցին։ Ուսման հինգ տարիների ընթացքում նրանք ոչ միայն մայրենի լեզվով գրել-կարդալ էին սովորել, այլև ծանոթացել, կրողը դարձել մեր հազարագանձ լեզվի, բիբլիական լեռան ծեր հայացքի տակ ծվարած ժողովրդի հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգության նմուշների։
Տոնական տրամադրությամբ՝ «մի քիչ ՝ թաց աչքերով» ու գեղեցիկ հանդերձներով բեմ ելան շրջանավարտները.
Շուրջը տաք հայացքներ էին,
Դեմքեր էին այնքա՜ն հարազատ …
Վաղ առավոտին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Տեր Հոր հորդորով բոլորը միասին աղոթել էին մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։ Այժմ հանդիսասրահում, Տերունական «Հայր մեր»-ից հետո նրանց դիմեց կրթօջախի տնօրեն, բազմաշխատ ու բազմարդյուն մանկավարժ, հայակերտման գործի անխոնջ մշակ Էլեն Պողոսյանը։ Իր ոգեշունչ ելույթում նա, հմառոտ, բայց բովանդակալից ներկայացրեց կրթարանի գործունեության հիմնական ուղղություններն ու նվաճումները. «Մեր նպատակն է մատաղ սերնդի հոգում հայրենասիրության հունդեր ցանել, որպեսզի այն մեծանա ու դառնա կենաց ծառ։ Այդ են հավաստում մեր դպրոցի երդումն ու օրհներգը»։ Տնօրենը ջերմորեն շնորհավորեց սիրելի սաներին և հորդորեց, որ անշեջ պահեն իրենց փոխանցված հայերենի իմացության ջահը և մասնակից մնան սիրասուն դպրոցի, բնականաբար, համայնքի հայապահպան ձեռնարկումներին։
Նա ի սրտե շնորհակալություն հայտնեց, դրվատանքի խոսքեր հղեց համայնքի, մշակույթի տան ղեկավարությանը, հոգևոր հովվին, այն նվիրյալներին ու ծնողներին, ովքեր բարի կամոք ու մեծագույն սիրով խթանում են դպրոցի արդյունավետ գործունեությունը, և ազդարարեց, որ այսօրվա միջոցառումը նվիրվում է Հայաստանի առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձին, քանզի Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը «անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին հայկական պետականության վերականգնման ու հնագույն ժողովրդի ազգային վերածննդի համար»:
Տոնական ցերեկույթն ընթացավ «Լեզուն ազգային դրոշն է» խորագրի ներքո։ Կայացավ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս առիթով բեմ հրավիրվեցին համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը, օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը և մաշտոցյան լույսի ու բարության սերմնացանները՝ սերունդներին հայ պահելու գործի նվիրյալներ Համեստ Պետրոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Հռիփսիմե Մելքոնյանն ու Ալեքսանդր Մկրտչյանը։
«Շնորհիվ Ձեր հայասիրական ազգանվեր գործունեության՝ Օդեսայի կիրակնօրյա դպրոցը դարձել է հայոց լույսի օրրան, հայեցի կրթության ու դաստիարակության լավագույն օջախ ուկրաինական հողում»: Այս խոսքերով կրթօջակի տնօրենին, նրա ղեկավարած անձնակազմին իր գոհունակությունն ու խորին երախտագիտությունը հայտնեց պրն. Տիգրանյանը։ -Բոլորս քաջ գիտակցում ենք Ձեր բարդ ու դժվարին առաքելությունը, որն ի կատար եք ածում հերոսաբար։
Այնուհետև հարգարժան նախագահը՝ հայոց խորհրդանիշներով, ծաղկազարդ տառերով ու հայկական մանրանկարչական արվեստի նմուշներով ձևավորված վկայականները բուռն ծափողջույնների ուղեկցությամբ հանձնեց շրջանավարտներին։
«Հիսուս Քրիստոսն ու Սուրբ Մաշտոցն էլ ուսուցիչներ էին, իսկ մաշտոցյան գիրը՝ աղոթք-այբուբենը դար ու դարեր եղավ առաջինը քրիստոնեություն ընդունած մեր ժողովրդի անսասան հավատի ապավենը»,- ասաց իր խոսքում Տեր Աբգար քահանա Գըլըճյանը և աղոթեց, որպեսզի Աստծո օրհնությունը միշտ ուղեկցի շրջանավարտներին ու սիրելի ուսուցիչներին, նրանց ճանապարհը լինի լի «բարությամբ, նաև՝ ստեղծագործական եռանդով, ներշնչանքով և բարձունքներ առաջնորդող ձգտմամբ, հարազատ դպրոցի, Եկեղեցու ու մայր Հայրենիքի հանդեպ անսահման սիրով:
Արթուր Սեդրակյանը անկեղծ ու հաճելի արտահայտվեց ծնողների անունից ։ Նրանք իրենց հուզումնալից մտքերը զետեղեցին նաև տպավորությունների գրքում։
Թախծախառն ժպիտը դեմքերին՝ շրջանավարտները մեծ սիրով ու ակնածանքով ընդունեցին մեծերի մաղթանքներն ու խորհուրդները, ներկայացրին՝ ինչ սովորեցրեց իրենց հարազատ դպրոցը և երախտիքի տողեր ու գեղեցիկ տաղեր նվիրեցին մայրենի լեզվի ուսուցչուհի և դպրոցի տնօրեն տիկին Պողոսյանին, մյուս մանկավարժներին ու սիրելի ծնողներին․
-Սակայն ինչ էլ դառնանք կյանքում,
Ապրելու եք դուք մեր հոգում։
-Ամբողջ հոգով և սրտանց՝
Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ ձեր առջև:…
-Մայր բնությանը և մեր մայրերին,
Ուսուցիչներին և ընկերներին,
Որպես հարգանքի շարունակություն՝
Միասին հայտնենք՝ շնորհակալությու՜ն:
Այդ օրը նաև գրերի տոն էր՝ այբբենարանի հանդես, քանի որ շրջանավարտներին կան փոխարինողներ։ Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կերպարը վարպետորեն մարմնավորում էր քանդակագործության ուսուցիչ Հովնան Մանուկյանը։ Անմահ Մաշտոցին ու նրա տառերին ձոնված ներբողներին զուգահեռ, մաշտոցականները՝ զրույցների, բեմականացված դրվագների միջոցով ներկայացրին ժողովրդական բանահյուսության նմուշներ, նրա գեղեցկությունն ու կարևորությունը. չէ՞ որ «էպոս ու հերոս ծնած ժողովրդի» բանավոր լեզուն «ճկուն է ու բարբարոս», վասնզի սնվում է ոսկեղենիկ գրաբարից, մեր բազմավտակ բանահյուսությունից, մեր աննման բարբառներից։
Նրանց ելույթը վերստին հավաստեց՝ հայոց լեզուն հայի սիրտն է, հոգին, հայրենական տունն է, հայի փողփողացող հույսը և սուրբ հայրենիքը։ Մայրենի լեզվի նկատմամբ սերն անբաժան է մայր ժողովրդի ու մայր Հայրենիքի հանդեպ տածած սիրուց.
… Ողջ Հայաստանն է, հայոց վառ գահն է
ՈՒ միշտ անմահ է մայրենի լեզուն։
Հանդես գալով «Ծաղիկների պար»-ով՝ վերջին զանգի ավարտական ու ավանդական տոնին ու գրերի հանդեսին մասնակցություն բերին զրո դասարանի մի փունջ սանիկներ։ «Լեռնցի» պարախումբը ևս իր գեղեցիկ ելույթով արժանացավ ջերմ ընդունելության(գեղ. ղեկավար՝ Մարի Բալյանց)։
Մայիսյան հաղթանակների երթը շարունակվում էր։ Դպրոցական զանգին համահունչ ղողանջեցին նաև Սարդարապատի զանգերը. հնչեց Արա Գևորգյանի համանուն երաժշտական կոմպոզիցիան։
Հանդիսության ավարտին, դեպի երկինք բարձրացան եռագույն փուչիկներ, ասես առ Աստված տանելով նոր սերնդի՝ հայոց աշխարհի խաղաղության, հայոց բանակի զինվորների բարի վերադարձի և հայոց հնամենի լեզվի հարատևության աղոթք-մաղթանքները։
Եվ հնչեցին սուրբ տաճարի աղոթաբույր զանգերը՝ միախառնվելով Սարդարապատի հաղթական ու դպրոցական զանգի խայտացող ղողանջերին ու հավաստելով հավերժի ճամփորդ ժողովրդի հավիտենականության խորհուրդը։
Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից