Միջոցառում Մոսկվայի «Հայորդյաց տանը»՝ նվիրված Սբ․ Հարության տոնին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/մոսկվա6-1.jpg)
Ապրիլի 23-ին՝ Կրկնազատիկին, Մոսկվայի «Հայորդյաց տանը» կայացավ միջոցառում՝ նվիրված Սբ․ Հարության տոնին։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցչուհի Հայկուհի Չոբանյանը և մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր, «Հայորդյաց տան» ուսուցչուհի Քնարիկ Պապիկյանը Հարություն անունով փոքրիկի և նրա պապի երկխոսության և թատերականացված միջոցառման միջոցով ներկայացրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, խաչելությունն ու հարությունը։
Միջոցառումում ներկայացվեց նաև ժողովրդական տոնակարգը՝ համադրվելով զատկական երգով ու խաղիկներով։Կրթօջախի ուսուցչուհիներն ամեն տարի փորձում են հնարավորինս նոր կերպ մատուցել Հիսուս Քրիստոսի Հարության Ավետիսը և միջոցառումում ընդգրկել նոր կերպարներ։ Այս տարին ևս բացառություն չէր։ Կրթօջախի հանդիսատեսին առավելապես հայրենասիրական, ֆիդայական միջոցառումներից քաջ հայտնի երիտասարդներն այս անգամ Քրիստոսի և փոքրիկ Հարության պապիկի դերում էին, ինչը էլ ավելի էր պարտավորեցնում նրանց՝ իրենց կերպարներում լինել առավելապես համոզիչ և ընդօրինակելի դառնալ իրենց կրտսեր խաղընկերների համար։
Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը ներկաներին փոխանցեց Սրբազան հոր օրհնությունը, ապա հավելեց․ «Երևի դահլիճում չկա մեկը, ով չհուզվեց, չապրեց այս ինքնատիպ ու գեղեցիկ միջոցառումը։ Իրենց անկեղծությունը, մաքրությունը, խոսքի ճշմարտացիությունը մտավ մեր սրտերն ու հոգիները։Մենք ևս մեկ անգամ վերապրեցինք Հարության հաղթանակը այս հյուրընկալ դահլիճում։ Լսեցինք ճշմարտության այն ձայնը, որ Հայոց Եկեղեցին 2000 տարի փոխանցում է իր ժողովրդին։ Փառք և գոհություն Աստծուն, որ մեզ հնարավորություն է տվել այսպիսի քրիտոնյա, հավատացյալ զավակներ կրթել-դաստիարակելու, ովքեր պետք է լինեն մեր Եկեղեցու, մեր ազգի, մեր հայրենիքի հույսն ու ապագան»։
Սբ․ Հարության տոնին նվիրված միջոցառման ժամանակ հնչեցին նաև տոնական երգեր՝ Լենա Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա» երգչախմբի կատարմամբ։