« Սիրտս կիսել կուզեմ Հայաստանի ու ֆրանսիայի միջև». Անի Սոմոնյան
Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչության ծրագիրը, որի առաջին ծիծեռնակները՝ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի նախակրթարանի ավարտական՝ 5-րդ դասարանի, Փարիզի «Դպրոցասեր» և Մարսել քաղաքի «Համազգային» վարժարանների թվով 66 աշակերտներ այս օրերին հնարավորություն կունենան ծանոթանալու Հայրենիքի տեսարժան վայրերին, հիանալու Հայաստանի գարնանային գույներով: Նրանց հետ ժամանել են նաև 10 ուսուցիչներ: 11 տարի անընդմեջ ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանը հովանավորել է հայ աշակերտների այցելությունը Հայրենիք. այդ երեխաներից շատերը հե՛նց ծրագրի շրջանակներում են առաջին անգամ տեսել Հայաստանը, ուստի ֆրանսահայ բարերարի հայրենանվեր առաքելությունը կարելի է, անշուշտ, համարել հայանպաստ գործունեություն: Ծրագրի բացման հանդիսավոր արարողության ընթացքում տեսնել էր պետք խանդավառված հայացքներով այդ երեխաներին, որոնցից երկուսի հետ մի ջերմ ու անկեղծ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար:
Ռուբեն Դանիելյան, ֆրանսիա, Ալֆորվիլ- Սովորում եմ 5-րդ դասարանում, երկրորդ անգամ եմ Հայաստանում, մենք այստեղ բարեկամներ ունենք. կարոտել էի Հայրենիքիս ու մեր բարեկամներին: Հայաստանը շատ փոքր է Ֆրանսիայից, բայց Հայաստանը նաև շատ գեղեցիկ է. ես հպարտանում եմ, որովհետև աշխարհում շատ բան հայերն են ստեղծել, շատ հայտնագործությունների հեղինակ են: Մեր ընտանիքում բոլորը խոսում են հայերեն, ես չեմ մոռանում և չեմ մոռանալու իմ մայրենի լեզուն: Շատ եմ սիրում Սևանա լիճը, ափսոս, որ ցուրտ է. այնպե՜ս էի ուզում Սևանում լողալ: Մեր դպրոցում սպորտային շատ խաղեր են կազմակերպվում, բայց լող չենք պարապում: Երբ մեծանամ, որոշել եմ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի մարդ դառնալ, որպեսզի հայերը հպարտանան ինձնով:
Անի Սոմոնյան, Ֆրանսիա, Ալֆորվիլ-Ես Ռուբենի համադասարանցին եմ, արդեն 8-րդ անգամ եմ Հայաստանում, մենք այստեղ շատ բարեկամներ ունենք: Այնտեղ էլ ունենք բարեկամներ ու ծանոթներ: Շատ եմ սիրում Հայաստանը. կուզենայի տարվա մի մասն ապրել Ֆրանսիայում, մյուս մասը՝ Հայաստանում. սիրտս կիսել կուզեմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև:
…Այս փոքրիկ աղջնակի սրտում ամբարված մեծ սիրո ու կարոտի արանքում Հայաստանն ինձ պատկերվում է ճեղքված նռան տեսքով, Ռուբենի՝ հայակարոտ, Սևանա լճի կապտականաչ ալիքների պես սիրուն աչքերի խորությամբ ու մաքրությամբ և ուզում ես հավատալ, հուսալ, որ Հայրենիքի ապագան կերտողները նաև մեր սփյուռքահայ երեխաներն են լինելու:
Կարինե Ավագյան