Մահացել է Ավո Ուվեզյանը

Մարտի 24-ին Ֆլորիդայի իր բնակարանում մահացել է հայ ճանաչված ջազ-դաշնակահար և հանրահայտ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը: Ընդամենը երկու օր առաջ՝ մարտի 22-ին, նա դարձել էր 91 տարեկան: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է cigaraficionado.com կայք-էջը:
Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թ. Բեյրութում` երաժիշտների ընտանիքում։ Հայրը Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն էր։ Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են եղել։
16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս՝ նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։
1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանը ծանոթանում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հանդիպելով Ֆրենկ Սինատրային՝ Ավոն ասում է, որ դա իր կյանքի ամենալավ օրն է, քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ։
Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Ֆրենկ Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը։
Այնուհետև Ավո Ուվեզյանը մեկնում է Պուերտո Ռիկո, որտեղ ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս՝ նա հանդիպում է շվեյցարահայ Ժակ Մելքոնյանին, ով նրան խորհուրդ է տալիս զբաղվել սիգարների արտադրությամբ։
Սկզբում Ավո Ուվեզյանը սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են դառնում։ 1996 թ-ին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։
2000 թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Ավո Մադուրո (Avo Maduro) սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով։
Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից։ Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ռեյ Չարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը և ուրիշներ։ Նրա կուռքերն են Դյուկ Էլլինգտոնը, Օսկար Պիտերսոնը, Չիկ Կորեան։