Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես: Հաղորդում է Radio Kielce-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, ձեռագրերը և ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են՝ հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները:
Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին:
«Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները և մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- panarmenian.net-ի փոխանցմամբ՝ ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը:
Լեհաստանում այսպիսի շատ ձեռագրեր են եղել, սակայն միայն մոտ 20 ձեռագիր է պահպանվել: Դրանք պահվում են Վարշավայի Ժողովրդական գրադարանում, Կրակովի Ժողովրդական թանգարանում և Վրոցլավի Օսոլինսկու անվան ազգային գրադարանում: