Հայկ Դեմոյանը պարգևատրել է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը «Հենրի Մորգենթաու» երախտագիտության մեդալ հանձնեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր և տնօրեն Շահան Գանտահարյանին:
Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից՝ ՀՑԹԻ-ն գնահատում և կարևորում է «Ազդակ»-ի խմբագրության, մասնավորապես՝ գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի աջակցությունը և մասնակցությունը Հայկ Դեմոյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարեկիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարի լիբանանահայ համայնքի հետ տարվող աշխատանքներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը տարիներ ի վեր ունեն սերտ համագործակցություն: Ազդակի էջերում հրատարակվում են ՀՑԹԻ գործունեությունը լուսաբանող և ՀՑԹԻ կայքէջում հրապարակվող տեղեկություններ: Ազդակի բացառիկ հատորներում լույս են տեսնում նաև ՀՑԹԻ գիտաշխատողների հոդվածները: