Բանակի 25-ամյակի տոնի վերաբերյալ նամակ համայնքներին

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի տոն։ Այս տարին հոբելյանական է, և մենք ազգովի նշելու ենք բանակի կազմավորման 25-ամյակը։ Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել հզոր, կուռ և մարտունակ բանակ, որն, անկասկած, համայն հայության հպարտությունն է, մեր հաղթանակների ու վերածննդի մարմնավորումը, մեր անվտանգության և անկախության երաշխավորը, մեր հաջողությունների անառարկելի գրավականը։ Հայ զինվորն ու սպան, իրենց անմնացորդ նվիրումով, անձնուրաց գործողություններով ու սխրագործություններով, բարձր պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ, անցած հերոսական ճանապարհով դարձել են մեր խաղաղ ու ապահով կյանքի առհավատչյան, մեր ուժն ու հենարանը։
Այս հրաշալի հոբելյանի առիթով, Հայաստանում և Արցախում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ Վստահ եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, նույնպես, անմասն չեն մնա այս իրադարձությունը մեծ շուքով նշելու պատրաստակամությունից։
Դիմելով Ձեզ՝ խնդրում և հորդորում եմ կազմակերպել Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված համայնքային միջոցառումներ և հավաքներ՝ ներգրավելով հատկապես երիտասարդական կազմակերպություններին և միություններին։ Համոզված եմ, որ նման քայլը մեծապես կգոտեպնդի և է՛լ ավելի կոգեշնչի հայոց սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին և սպաներին, կնպաստի հայ ինքնության ամրապնդմանը Սփյուռքում։
Հարգանքով՝
ՀՐԱՆՈւՇ ՀԱԿՈԲՅԱՆ