Հակառակորդը շփման գծում հրադադարը խախտել է ինքնաձիգերից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից (73 կրակոց):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (ավելի քան 50 անգամ)` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (մոտ 550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը: