Բասկետբոլի մրցաշար՝ նվիրված Նոր Ջուղայի Հայոց ազգ. դպրոցների հիմնադիր բարերարների հիշատակին

Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միության մազասրահում կայացավ դպրոցական բասկետբոլի մրցաշար`   նվիրված Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Քանանյան»  իգական և  «Կատարինյան» արական միջնակարգ (ավագ) դպրոցների  հիմնադիր բարերարների հիշատակին:

Ինչպես Իրանից «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը՝ նախաձեռնությունը զույգ դպրոցների տեսչությանն էր, որի կազմակերպման համար իրենց սերտ համագործակցությունն էին բերել Ծնողական խորհուրդները, Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարարտ» միության կենտրոնական վարչությունը և Մարզական միավորը: Մրցաշարն իր խրախուսական ներկայությամբ պատվել էր  Շահինշահր քաղաքի հոգևոր տեսուչ Տ.Անանիա ծ.վրդ. Գուջանյանը: Մրցաշարը կայացավ  աշակերտությունից կազմված՝ «Արցախ»,  «Արքա», «Բազե» և «Սպարտակ»  խմբերի միջև, որոնցից  ամենաշատ միավոր հավաքած «Արցախ» և «Արքա» խմբերը մրցեցին եզրափակիչ փուլում: Լարված մրցակցության արդյունքում հաղթող ճանաչվեց «Արցախ» խումբը և պարգևատրվեց, իսկ  բոլոր մասնակիցներին շնորհվեց հուշանվերներ:

Նշելի է, որ յուրաքանչյուր խումբ ընդգրկում էր աղջիկ և տղա, ինչը խաղերը դարձրել էր ավելի հետաքրքիր: Առավել հետաքրքիր էր այն, որ տղաները  ֆիզիկապես  լինելով  ավելի զորեղ, խաղերի ընթացքում զգուշավոր էին աղջիկների նկատմամաբ` ասպետական վերաբերմունք ցուցաբերելով, ինչը  «Քանանյան» դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը և Հայր Անանիա Գուջանյանն իրենց խոսքերի մեջ բարձր գնահատեցին: Շնորհակալական խոսք ուղղեցին նաև մրցավարներին, իրավարար կազմին, բուժքրոջը, ծնողական և աշակերտական խորհուրդներին, խաղերը իրականացման գործին աջակցող անձանց: Գերպ. Հայր Սուրբն իր խոսքի շարունակության մեջ հույս հայտնեց, որ  սկիզբ դրված այս  գեղեցիկ խաղերը կլինեն շարունակական, նաև կարևոր համարեց միմյանց սիրելու և հարգելու գաղափարը, որն ակնհայտ էր խաղերի ընթացքում: Այդ առումով հատուկ շնորհակալական խոսք ուղղեց զույգ դպրոցների պատասխանատուներ` Ռիմա Սիմոնյանին և Ռուբեն Խաչիկ Գրիգորյանին:

Լուսանկարները` հեղինակի

բասկետբոլ0բասկետբոլ1բասկետբոլ2բասկետբոլ3բասկետբոլ4բասկետբոլ5բասկետբոլ6բասկետբոլ7բասկետբոլ8բասկետբոլ9

Scroll Up