«Տասնհինգ տարվա ընթացքում հասցրել ենք մեծ ճանաչում ձեռք բերել Նայմեխենում». Սվետա Աբրահամյան
Նիդերլանդների Թագավորության Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ, «Վան» մեկօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանն ընտանիքի հետ հաստատվելով Նայմեխեն քաղաքում՝ որոշել են հայի ինքնությունը պահպանելու համար համայնքային գործունեություն ծավալել: Ընտանիքի անդամներով նախ ստեղծել են միությունը, իսկ հետո դպրոցը՝ այս միջոցով ոչ միայն կամուրջ գցելու Մայր Հայրենիքի հետ, այլև խթանելու Սփյուռքում ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը:
«Հայերն այսօրի» հետ հարցազրույցում Սվետա Աբրահամյանը ներկայացնում է ծավալած գործունեության մանրամասները:
-Տիկի՛ն Աբրահամյան, «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունը ե՞րբ է ստեղծվել:
-Նման միություն ստեղծելու գաղափարը փոքր աղջկաս՝ Գայանե Աբրահամյանին է պատկանում: Երկու աղջիկներիցս հենց նա համաձայն չէր, որ գնանք Հայաստանից: Առ այսօր կարոտում է Հայաստանը և չի համակերպվում տեղափոխվելու մտքի հետ:
Հայապահպանությանն ուղղված աշխատանքներ կատարելու համար Գայանեն երկու երիտասարդների հետ 2001 թվականին Հոլանդիայում հիմնել է «Միացյալ հայերը Հոլանադիայում» առաջին երիտասարդական միությունը, որը հինգ տարի որպես երիտասարդական համայնք է գործել: Աղջկաս ամուսնանալուց հետո համայնքի հետ կապված բոլոր պարտականությունները ես ստանձնեցի: Մինչ այդ՝ 2001 թվականին, հիմնել էի նաև «Վան» մեկօրյա դպրոցը, որի տնօրենն եմ հանդիսանում: Այնտեղ նաև դասավանդում եմ:
Այունհետև երիտասարդական միության անվանումը փոխեցի՝ առաջարկելով պարզապես միություն կոչել, որտեղ տարիքային սահամանափակումներ չէին լինի: Այդ ժամանակ արդեն գործում էր «Ամստերդամի երիտասարդական միությունը» և մյուս երիտասարդական կառույցները:
Ծանր, բայց միևնույն ժամանակ հաճելի աշխատանքի էի կատարում՝ գիտակցելով, որ այդ ամենն իրականացնում եմ ազգային, համահայկական խնդիրները լուծելու, հայկական մշակույթը տարածելու, մատաղ սերդին հայեցի կրթություն փոխանցելու նպատակով:
Այդ ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէր ստեղծվել, Հայաստանի հետ մեզ կապող միակ օղակը ՀՀ կրթության նախարարության Սփյուռքի վարչությունն էր:
-Փաստորեն, տարին հոբելյանական է երկու կառույցների համար: Ի՞նչ միջոցառումներ եք նախաձեռնել:
–Ճիշտ նկատեցիք: Այս տարի լրանում է միության և դպրոցի հիմնադրման 15-ամյակը: Տարին հոբելյանական ենք հայտարարել: Կազմակերպվող միջոցառումների առանցքում, իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակն է:
Իմ մտահղացմամբ որոշեցինք միջոցառումների շրջանակում նաև Հայաստանն ընդգրկել և մի կարևոր նախաձեռնություն իրականացնել: Ցանկանում էի այս քայլով սփյուռքահայերի ուշադրությունը դեպի Հայաստանի հեռավոր գյուղերն ուղղել, որի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ շատ անելիքներ կան: Պետք չէ միայն Երևանի շուրջ կենտրոնանալ:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանության, երիտասարդ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանն ուղղված «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության «Վան» մեկօրյա և Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցների քույրացման հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ՝ Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալի Դանիելյանը նույնպես մասնակցում էին միջոցառմանը:
Միության, դպրոցի մի խումբ ծնողների և երկու հոլանդացի ընկերների կողմից Սվերդլով գյուղի դպրոցին փոխանցեցի հանգանակած 400.000 դրամը՝ դպրոցում սանհանգույց կառուցելու համար: Շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Իմ ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ գնել և Հայաստան էի տեղափոխել հայտնի մանկավարժ, հոգեբան, փիլիսոփա Մարիա Մոնտեսսորի կրթա-դաստիարակչական նյութերը, դիդակտիկ պարագաները և խաղալիքներ, որոնք նպաստում են երեխայի գրագետ զարգացմանն ու աշխարհաճանաչմանը: Այդ ամենը նվիրաբերեցինք դպրոցի նախակրթարանին, մեկ համակարգիչ էլ իմֆորմատիկայի դասարանին հանձնեցի:
Ուրախության ու հպարտության անասելի պահեր ապրեցի, երբ տեսա փոքրիկների փայլող աչքերն ու երջանիկ դեմքերը: Ծնողները չէին կարողանում նրանց տուն տանել: Հետո տեղեկացա, որ հաջորդ առավոտյան շտապել էին դպրոց՝ շարունակելու խաղալ նոր խաղալիքներով:
Հիշողություններն ու հույզերն ինձ ամեն անգամ այդ դպրոց են տանում, քանի որ այնտես դասվանդել եմ ես: Զգացումներին տեղի տալով «Վան» դպրոցի 2016-2017 թթ. ուս. տարվա առաջին ժողովին ուսուցիչներին ու ծնողներին Սվերդլովի դպրոցի հետ քույրանալու առաջարկ արեցի, որը նրանք սիրով ընդունեցին:
Սա երկրորդ դպրոցն է, որի հետ քույրացել է մեր դպրոցը: Առաջինը Երևանի Վազգեն Առաջինի անվան 168 դպրոցն էր, որի հետ քույրացման հուշագիրը ամիսներ առաջ ստորագրեցինք:
– Եթե ամփոփելու լինենք տասնհինգ տարվա ձեռքբերումները, ապա որո՞նք կառանձնացնեք:
-Ինձ համար բոլոր ձեռքբերումներներն ու հաղթանակները կարևոր ու հատկանշական են: Աշխատանքային բեղուն տասնհինգ տարիների ընթացքում Հոլանդիայում հասցրել ենք մեծ ճանաչում ձեռք բերել: Մենք ինքնուրույն գործող կառույց ենք, բայց, իհարկե, սատարում ենք այնտեղ գործող միակ կուսակցությանը՝ ՀՅԴ-ին:
Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մեզ արդեն տասնհինգ տարի Նայմեխենի քաղաքապետարանն իրենց մշակութային կենտրոններում անվճար հիմունքներով տարածք են տրամադրում՝ մշտապես մեծահոգություն ցուցաբերելով մեր հանդեպ: Քաղաքապետարանում շատ լավ գիտեն, որ մեր գործունեության հիմքում հայապահպանությունը և Մայրենիի պահպանումն է:
Կարծում եմ՝ կարևոր նվաճում է՝ իբրև դպրոցի տնօրեն և միության ղեկավար տեսնել ծնողների համախմբվածությունը, որոնք սիրով մասնակցություն են ունենում համայնքում տեղի ունեցող միջոցառումներին և օգնում տարաբնույթ հարցերում:
Ժրաջան ծնողների հետ միասին ստեղծեցինք նաև «Կարոտ» պարախումբը, որի անդամները համերգային շրջագայություններով պարբերաբար Հայաստան են գալիս:
Ի դեպ, ծնողների համար, ըստ նախասիրությունների, գործում են ձեռագործի, կերպարվեստի, երգ-երաժշտության և այլ խմբակներ:
– Այժմ կխնդրեի, որ առավել մանրամասն ներկայացնեք «Վան» կիրակնօրյա դպրոցը:
-Միության հետ զուգընթաց է ստեղծվել դպրոցը: Աշակերտները մեծ ակտիվությամբ են հաճախում դասերին՝ ձգտելով ամեն կերպ Մայրենին սովորել: Դպրոցն ունի 20 աշակերտ: Նրանցից 6-ը՝ 4-6 տարեկան, սովորում են նախակրթարանի ծրագրով:
Վեց տարեկանից հետո սկսում են սովորել տառաճանաչություն ու շարունակում ամբողջ տարրական դպրոցի ծրագիրը: Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, երգ-երաժշտություն, կերպարվեստ:
Դասագրքերը ստանում ենք ՀՀ սփյուռքի նախարարությունից: Մեծ շուքով նշում ենք եկեղեցական, պետական և ազգային տոները, որից աշակերտները շատ են ոգևորվում: Եկեղեցական տոները նշում ենք Ալմելոյի հայկական եկեղեցում, քանի որ մեր տարածաշրջանում եկեղեցի չի գործում:
-Որքան նկատելի է, մշտական կապի մեջ եք գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Ե՞րբ է ձևավորվել համագործակցությունը:
-ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից ի վեր ակտիվ կապի մեջ ենք եղել, մասնակցել նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մրցանակաբաշխություններին հաղթող ճանաչվել, արդեն ավարտած աշակերտներին էլ պարբերաբար ուղարկում ենք մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Միշտ զգում ենք ՀՀ սփյուռքի նախարարության սրտացավ վերաբերմունքը մեր նկատմամբ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում Մայրենիի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ինձ «Մայրենիի դեսպան» մեդալով է պարգևատրել, ինչպես նաև հոբելյանի առիթով շնորհավորական նամակ հղել, որի համար շատ շնորհակալ ենք: Վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ դեռևս երկար տարիներ բարիդրացիական հարաբերությունների հիմքի վրա կշարունակենք համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման:
Գևորգ Չիչյան