Թուրք Հրապարակախօսը Շնորհակալութիւն Է Յայտնել Վերժինէ Սվազլեանին
Թուրք յայտնի գրող, հրապարակախօս Ռակըփ Զարաքոլուն իր խորին շնորհակալութիւնն է յայտնել բանագէտ-ժողովրդագէտ Վերժինէ Սվազլեանին` նրա կատարած անգնահատելի աշխատանքի համար: Զարաքոլուն նշել է, որ Սվազլեանի «1915 թուականի բանաւոր պատմութիւն» գիրքը նաեւ իրենց պատմութեան մասին է:
Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակուած յօդուածում Զարաքոլուն պատմում է Վերժինէ Սվազլեանի հետ ծանօթութեան, նրա ընտանիքի պատմութեան, կատարած ուսումնասիրութիւնների, աշխատանքների մասին:
Նրանց ծանօթութիւնը տեղի է ունեցել 1998 թուականին, երբ Զարաքոլուն Ցեղասպանութեան թանգարան հիմնարկի հրաւէրով մասնակցում էր Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի կողմից կազմակերպուած «ֆրանց Վերֆելը եւ մուսա լեռը» խորագրով գիտաժողովին:
Զարաքոլուն պատմում է, որ այդ շրջանում փրոֆեսէօր Սվազլեանը աշխատում էր «Պոլսի հայերի բանահիւսութիւնը» գրքի վրայ: Սվազլեանը 1950-ականներից սկսած զբաղուել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների պատմութիւնների հաւաքագրմամբ, ինչը հիացրել է յօդուածագրին:
Յօդուածի առաւել ուշագրաւ հատուածները ներկայացուած են ստորեւ.
«Այն, ինչ պատմւում է «1915 թուականի բանաւոր պատմութիւնը» գրքում, նաեւ մեր պատմութիւնն է: 1000 էջանոց այս աշխատութիւնում տեղ են գտել 700 վկայութիւն եւ բանաւոր պատմութեան հետազօտութիւնների իսկական սկզբնաղբիւրները, որոնք փրոֆեսէօր Սվազլեանը հաւաքագրել է բառ առ բառ, մաս առ մաս` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ անելով:
Սկսած 1955 թուականից, երբ Հայոց ցեղասպանութեան մասին խօսելն արգելուած էր Խորհրդային Միութիւնում, Վերժինէ Սվազլեանը, անտեսելով բոլոր դժուարութիւնները, վտանգները, ման էր գալիս գիւղ առ գիւղ եւ գրի առնում Ցեղասպանութեան ականատեսների պատմութիւնները, երգերը:
Սվազլեանն իր առաքելութիւնը իրականցրել է նաեւ Նիւ Եորքում, Սան Ֆրանսիսքոյում (1979), Աթէնքում (1984), Լոս Անճելըսում (1990), Պոլսում (1996,1997), ուր մեկնում էր թէ՛ անձնական ճանապարհորդութեան, թէ՛ խորհրդաժողովների մասնակցելու նպատակով:
Նրա աշխատութեան մէջ ներառուել է նաեւ Փարիզի Արեւելեան լեզուների հիմնարկում 1999 թ. կատարած փաստերի հաւաքագրումը, ինչպէս նաեւ Տէր Զօր, Ռաքքա անապատներում արաբ պետեւիների, Լոս Անճելըսում, Գահիրէում ծերանոցներում ականատեսների հետ պատրաստած հարցազրոյցների տեսագրութիւնները:
սիրելի՛ Վերժինէ, անչափ շնորհակալ ու պարտական ենք քեզ:
Տա՛յ Աստուած, որ յաջորդը «Պոլսի հայկական բանահիւսութիւն» գիրքը թարգմանուի եւ հրապարակուի»:
«ԷՐՄԵՆԻ ՀԱՊԵՐ»
aztagdaily.com