«Ռուբեն Հովսեփյան գրողի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում». Հրանուշ Հակոբյան
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ,ԳՐՉԱԿԻՑՆԵՐԻՆ
Ցավով տեղեկացանք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան մասին:
Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց տաղանդավոր մի անհատականություն, ով անվիճելիորեն իր մնայուն տեղն ունի հայ գրականության անդաստանում: Նրա պատմվածքներն ու վեպերը, ակնարկներն ու հրապարակախոսական երկերը մեծ դերակատարություն ունեն անցյալ դարի 70-80-ական թվականների ազատամիտ սերնդի ձևավորման գործում, նրա բարձրակարգ թարգմանությունների շնորհիվ է, որ հայ ընթերցողին հասանելի ու հարազատ դարձան Մարկեսի, Տոլստոյի, Չեխովի ստեղծագործությունները:
Ռուբեն Հովսեփյանը վառ անհատականություն էր, ինչը հատկապես նկատելի էր նրա ետխորհրդային հասարակական-քաղաքական գործունեության մեջ՝ թե´ իբրև «Դրոշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր և թե´ ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Պատիվ եմ ունեցել Ազգային ժողովում աշխատել ազնվագույն մարդու, պետական և քաղաքական գործչի, հրաշալի հայի, իմաստուն մտավորականի՝ Ռուբեն Հովսեփյանի հետ: Ամեն մի շփում, խոսք ու զրույց հարստացնում էր, խորհելու առիթ տալիս, հոգիդ լցնում հայրենասիրությամբ և ազգասիրությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է Ռուբեն Հովսեփյանի հարազատներին, գրչակից ընկերներին և ընթերցողներին, մաղթում համբերություն և հոգու ամրություն:
Ռուբեն Հովսեփյան գրողի, քաղաքացու, պարզապես նվիրյալ հայի անունն ու հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների հիշողություններում և սրտերում:
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, որ ավարտվեց նրա կյանքը, սակայն Ռուբեն Հովսեփյանի գործերը դեռ երկա՜ր– երկար կդաստիարակեն հայոց սերունդներին:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ