Մահացել է ֆրանսահայ գրող, արձակագիր Մովսես Պչակչյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Մովսէս-Պչաքճեան.jpg)
Խոր ցավով տեղեկացանք, որ հոկտեմբերի 17-ին 76 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել անվանի գրող, արձակագիր Մովսես Պչակչյանը:
Ֆրանսահայ գրողը Մովսես Պչակչյանը ծնվել է 1940 թվականին Հալեպում։ Նախակրթությունը ստացել է Կրթասիրաց վարժարանում, ապա հաճախել է «Կարեն Եփփե» ազգային ճեմարանը: Բարձրագույն ուսումն ստացել է Դամասկոսի պետական համալսարանում՝ ուսումնասիրելով անգլերեն և անգլիական գրականություն: Պչակչյանը յոթ տարի պաշտոնավարել է նույն հաստատությունում՝ իբրև հայերենի և անգլերենի ուսուցիչ։
1970-ին գրողը փոխադրվել է Բէյրութ, ապա 1976-ին հաստատվել Փարիզում: Աշխատակցել է սուրիահայ եւ լիբանանահայ մամուլին, հատկապես` Հալեպի «Արևելք» և Բէյրութի «Այգ» օրաթերթերին՝ գրելով հրապարակախոսական հոդուածներ և գեղարվեստական գործեր: 1970-ական թվականներին աշխատակցել է նաև «Բագին» գրական ամսագրին, իսկ Փարիզում հաստատվելուց հետո՝ «Հառաջ»-ին: Թարգմանել է Էրիկ Սեգալի «Սիրո պատմություն» վեպը (1972): 1973-ին հրատարակել է «Անկարելի կարելին» թատերգությունը, 1975-ին` «Բարև՛, Հայաստան» հատորը: Գրել է «Ծիծեռնակները պիտի չսարսափեն խրտվիլակներից» («Հայկաշեն Ուզունյանի մրցանակ), «Լուսավոր աչքերով օտարականը», «Անցողիկը և անժամանցելին» վեպերը: Վերջին շրջանում Հայաստանում սկսել էր տպագրել իր «Երկերի լիակատար ժողովածու»-ն՝ հաջորդական հատորներով:
2015 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, սփյուռքում հայ գրականության և մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար ֆրանսահայ գրող և թարգմանիչ Մովսես Պչաքչյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է գրողի հարազատներին ու մտերիմներին: Անուրանալի է Պչակչյանի թողած գրական ժառանգության կարևորությունն ու մեծարանքի արժանի հայապահպանությանն ուղղված նրա գործունեությունը ողջ կյանքի ընթացքում: