«Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ջանանք զորացնել մեր Հայրենիքը». Անուշավան Աբրահամյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված ամերիկահայ բարեգործներ, «Օֆիկ և Անուշավան Աբրահամյաններ կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ տեր և տիկին Աբրահամյանների հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչու՞ որոշեցիք ստեղծել հե՛նց կրթական հիմնադրամ:
–Դա իմ երիտասարդ տարիների երազանքն է եղել. որոշել էի, որ մի օր, երբ ես ամուսնանամ, գործերս հաջող լինեն, և ես հորիցս ավելի հաջողակ լինեմ, ընտանիքս էլ ապահով լինի, փորձեմ հնարավորության սահմաններում օգնել հայ երեխաներին , պատանիներին, որպեսզի բարձր կրթություն ստանան, մասնագիտություն ձեռք բերեն, արհեստ սովորեն՝ հետագայում աշխատանք ունենալու ակնկալիքով: Մեր երեք աղջիկները բարձրագույն մասնագիտական կրթություն ստացան. նրանցից երկուսը բժշկուհի են, մյուսն իրավաբան է, այսինքն՝ մտածեցինք, որ ընտանեկան հոգսերը թեթևացել են, երեխաներն արդեն ընտրել են իրենց ուղին, մասնագիտացել են և աշխատում են, այսինքն՝ ժամանակը եկել է, որ ես իրագործեմ իմ վաղեմի երազանքը: Այդ նպատակով մտածեցինք Խորհրդային տարիների ժամանակ եղած 160-ից ավելի բազմաթիվ միջին մասնագիտական հաստատությունների շինությունների հենքի վրա իրագործել մեր մտահղացումը, ընտրենք նախկին արհեստանոցների, ուսումնարանների շենքերը, բարելավենք պայմանները և կյանք տանք այդ կրթօջախներին, մարզերում ապրող անապահով ընտանիքների երեխաների համար ստեղծենք միջին մասնագիտական կրթօջախներ, արհեստանոցներ: Սակայն այն ժամանակվա գիտության և կրթության նախարար պարոն Երիցյանն ասաց, այդքանից մնացել են 20-26 հաստատություններ, մնացած կառույցներն օգտագործվել են այլ նպատակներով՝ այդ շինություններում հաստատվել են փախստականները: Այդ ժամանակ մենք որոշեցինք ամեն մարզում մի կառույց ընտրել, որոնք նախկինում ուսումնարան կամ քոլեջ են եղել, վերցնենք և սկսենք հիմնավերանորոգել, բարելավենք կենցաղային պայմանները, ապահովենք ջրով, ջեռուցմամբ. 2005-ից սկսեցինք փոքր աշխատանքներ անել՝ մինչև 2006-ին պաշտոնապես գրացվեց մեր հիմնադրամը, գրասենյակ ունեցանք Բաղրամյան թիվ 3 հասցեում:
-Մարզերի ընտրությունը Ձե՞րն է եղել:
-Մենք պայմաններ ենք դրել և այդ պայմանների համաձայն, նախարարությունից ընդհանուր ցուցակ ստանալով, սկսեցինք շրջել մարզերով, տեսնել այդ շինությունները, մեր հաշվարկներն անել, թե որքան ծախս է հարկավոր անել, որպեսզի այդ շինությունները դառնան պիտանի ուսման համար: Սկզբում սկսեցինք կոտրատված, ոչ պիտանի տանիքների վերանորոգումից, որից հետո սկսեցինք սանհանգույցներ սարքելը, հետո տեսանք ջուր չկա, լուծեցինք նաև այդ հարցը, հոսանքով ու ջեռուցուման համակարգով ապահովեցինք, և այս ամենից հետո միայն ներդրեցինք արհեստանոցներ, գույքով ապահովեցինք, արհեստագործական գործիքներով՝ կարուձևի (6 նկարի մեքենա ենք դրել), վարսահարդարման, դիմահարդարման, շինարարական սննդի սպասարկման, ատաղձագործական… Մինչ այսօր 6-7 արհեստների համար ստեղծել ենք 64 արհեստանոց: Այս օրերին էլ եկել ենք Հայաստան ու կատարել ենք ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցների բացման արարողությունները Տավուշում,Վարդենիսում, Հրազդանում,Մարալիկում, Եղեգնաձորում, Վանաձորում, Կապանում, Արարատում: Հունիսին եկել էինք և երկու տեղ փորձի համար ստեղծել նման արհեստանոցներ, հիմա էլ եկանք և նորից այսքանը հիմնեցինք: Մեր աշխատանքները շարունակական են լինելու:
Պարո՛ն Աբրահամյան,Դուք այդքան մեծ ներդրումներ, բարեգործություններ եք անում՝ հայ պատանիների, երիտասարդների համար ստեղծելով անվճար հիմունքներով արհեստ սովորելու հնարավորություն, արդյոք նրանք ճանաչո՞ւ մ են իրենց բարերարին:
-Շա՛տ լավ են ճանաչում. նրանք գիտեն, որ այս ամենը մենք մեր անձնական, ընտանեկան միջոցներով ենք անում: Մենք ամեն մի դպրոցում ստեղծել ենք մի անկախ հանձնախումբ, որի կազմում ընդգրկված են 50% ծնողներ, 25% ուսուցիչներ , նույնքան էլ՝ ուսանողներ: Նախագահը մի հոգևոր անձ է: Ամերիկայի մեր թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի առաջարկությամբ մի քանի անգամ հանդիպել ենք Վեհափառի հետ, ով օրհնել է մեզ ու մեր գործը, հանդիպել ենք տարբեր թեմերի ներկայացուցիչների հետ և փոխըմբռնման հուշագիր ենք կնքել, որպեսզի նրանք մեզ միշտ ներկայացնեն, որովհետև մեր դպրոցների աղջիկներն ու տղաները մոտ ապագայում իրե՛նք են ծնողներ դառնալու, անհրաժեշտ է, որ եկեղեցուն միշտ մոտ լինեն, նրանց հոգևոր դաշտն ամուր լինի. եկեղեցին մնայուն է: Դպրոցի տնօրենը, տնօրինությունն էլ հանձնախմբի անդամ է, սակայն նա ձայն չունի, որովհետև ինքը շահառուն է: Դպրոցների հետ ունենք համագործակցության պայմանագրեր, որտեղ նշված են նրանց պարտավորությունները, որպեսզի տրված հնարավորությունները նպատակին ծառայեն:
-Արցախում ունե՞ք նման ծրագիր:
-Ներկայումս՝ ոչ. մեր ուժերը, հնարավորությունները դեռ չեն բավարարում: Առայժմ սկսած գործն ենք լրացնում, կատարելագործում:
-Տիկին Օֆիկը մեզ լսում է և հավանություն է տալիս Ձեր բոլոր խոսքերին, բայց պակաս կարևոր չէ նրա դերակատարումն այս բարեսիրական գործունեության մեջ. այդպե՞ս է տիկի՞ն Օֆիկ…
-Բնականաբա՛ր, մեր՝ Աբրահամյանների ընտանիքն է այդ գործի գլուխ կանգնած: Մենք այդ բարեգործությունն անում ենք սիրով՝ հույսով, որ այդ հայորդիները հետագայում լավ աշխատանք կունենան և գուցե, մի օր էլ, այնքան միջոցներ ունենան, որ իրենք էլ բարեգործությամբ զբաղվեն: Ես ինքս էլ սովորել եմ կարուձև, տեքստեր հավաքել: Ես ուզում եմ, որ հայ պատանիներն ու երիտասարդները լավ կրթություն ստանան, արհեստներ սովորեն: Մենք ոչ միայն Հայաստանում, այլև Ամերիկայում հայկական դպրոցներին ենք օգնել: Մեր գործում մեզ շատ են օգնում նաև մեր աղջիկները: Կրթության ոլորտում ես միշտ մասնակցում եմ բարեգործական օգնությունների, դրամահավաքների, իսկ Անուշավանն ավելի մեծ գործերի մասնակից է: Նա Ամերիկահայ առևտրական պալատի հիմնադիրներից է, 1998-ին են այն հիմնել 6 հոգով, «Հայրենիք» միության անդամներից է, «Վարդանանց ասպետներ»-ի, «Ամերիկահայ ինժեներների և գիտնականների կազմակերպության» կողքին է կանգնած…Շատ մեծ գործերի աջակից է:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս եք հաստատվել Միացյալ Նահանգներում. մասնագիտության բերումո՞վ…
-Ես 1963-ի մարտին գնացել եմ Գերմանիա, 15 տարի հետո ամուսնացել եմ Օֆիկի հետ, ով 1977-ի դեկտեմբերի վերջերին էր եկել Գերմանիա. մենք երկուսս էլ Իրանում ենք ծնվել: Ամուսնանալուց հետո գնացինք Թեհրան, 26 տարի առաջ որոշեցինք տեղափոխվել Ամերիկա, որովհետև մեր երեք աղջիկները, ովքեր Գերմանիայում էին, հնարավորություն չունեին հայեցի ընտանիք կազմել, ու հայ մնալու երաշխիք չկար. Ամերիկայում շատ ավելի դյուրին է պահպանել ազգային ինքնությունը, որովհետև այնտեղ հայությունը շատ է, հայ մշակույթը լավ հիմքերի վրա է դրված:
Մասնագիտությունս մեքենաշինությունն է, սակայն ես Ամերիկա մասնագիտության բերումով չեմ գնացել. 40 տարի է, ինչ այնտեղ առևտրական կենտրոններ եմ սարքում ու վաճառում, կախում չունեմ ոչ մեկից, այսինքն՝ իմ մասնագիտության բերումով չէ, որ հաստատվել եմ Ամերիկայում:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ են ձևավորվել ձեր բարեկամական կապերը:
–Մենք Սփյուռքի նախարարության ստեղծման երկրորդ տարում արդեն բարեկամացել ենք: Շատ ուրախացանք այս նախարարության ստեղծումով, որոշեցինք հանդիպել ու համագործակցել: Արդեն մի քանի անգամ այցելել ենք նախարարություն. այս այցը համընկավ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Մենք քաղաքում տեսնում ենք դրական փոփոխություններ, սակայն ժողովրդավարությունը դեռևս բարձրակետին չէ և, այնուամենայնիվ, մենք լավատես ենք, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև խելացի ու հայրենասեր, անշահախնդիր հայեր շատ ունենք: Մենք շա՜տ ենք սիրում Հայաստանը:
-Տիկի՛ն Օֆիկ, ի՞նչ տպավորություն ունեք Անկախության 25-րդ տարեդարձի տոնական արարողություններից:
-Շա՛տ տպավորված եմ. շատ ուրախ էի, մասնակցեցի շքերթին, տեսա, որ մարդիկ հպարտ են մեր բանակով, մեր զինվորներով: Ապրիլյան դեպքերից հետո մարդկանց աչքերում հազիվ ուրախության շողեր նկատեցի: Որքա՜ն լավ երիտասարդություն կա Հայաստանում. դա Հայրենիքի ապագան է, հայ երիտասարդներն արժանի են լավագույն կրթություն ստանալու և համաշխարհային մրցույթների մասնակցելու: Պետք է անվճար հիմունքներով լեզուներ սովորելու, Հայաստանի և աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն ունենան:
-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը :
-Հայրենիքը մեր հույսն ու հավատքն է. յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ջանանք զորացնել մեր Հայրենիքը:
Զրուցեց Կարինե Ավագյանը