Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան

Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան, գրում է «Ակօսը»:

Հարցն ուսումնասիրել և խնդրի վերաբերյալ Թուրքիայի կրթության նախարարին հարցում է հղել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:

Պատգամավորը խնդրել է պատասխանել հարցին, թե Թուրքիայի սահմանադրության ո՞ր կետով է արդարացված այլադավան մոր և հոր երեխայից բացի նույնականացման քարտից (Թուրքիայում անձը հաստատող թղթի վրա արդեն իսկ նշվում է քաղաքացու կրոնական պատկանելիությունը) կրոնը հաստատելու մասին այլ փաստաթուղթ պահանջելը: Եվ եթե կա այդպիսի պահանջ, արդյոք այն պետք է հավասարապես գործի և՛ հայկական, և՛ թուրքական պետական դպրոցներում:

«Եթե այս ամենն իսկապես օրենքից դուրս պայմաններում է իրականացվում, ապա Թուրքիայի կրթության նախարարությունը խնդրի ճշտմանն ու լուծմանն ուղղված որևէ միջոցառում ձեռնարկելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ»,- tert.am-ի փոխանցմամբ՝  հարցրել է Քյուրքչուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական istanbulgercegi.com կայքն ուսումնական նոր տարվա ընթացքում մի քանի ահազանգ էր ստացել այն մասին, որ Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող այլազգի երեխաներից մկրտության փաստաթուղթ են պահանջում:

Մի շարք ծնողներ պնդել են, որ դպրոցների ղեկավարությունների ներկայացուցիչները զանգահարել են իրենց և հայտնել, որ եթե իրենց երեխաներն ուզում են ազատվել իսլամի դասից, ապա պետք է մկրտության թուղթ ներկայացնեն:

Ի դեպ, նման նախադեպ արդեն գրանցվել էր անցյալ տարի, երբ հայկական Կարագյոզյան վարժարանի աշակերտներից մեկի՝ իսլամի դասին չմասնակցելու խնդրանքով դիմումը չէին գրանցել, քանի որ երեխայի կողմից չէր ներկայացվել մկրտության փաստաթուղթ: Մեծ աղմուկ բարձրացրած գործը հասել է մինչև դատարան, որտեղ հետաքննության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ հայ երեխաներ ապօրինի կերպով չեն գրանցվում հայկական դպրոցներում՝ չնայած քրիստոնյա լինելուն:

Նշենք, որ Ստամբուլում գործում է 16 հայկական վարժարան, որոնցից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի `կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:

Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրա հետ զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ.Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):

Scroll Up