Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում ևս տոնել են Հայաստանի անկախության 25-ամյակը

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցավ Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ:
«Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան Հալլե քաղաքի Մայր տաճարում` կատարելով շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և երկրամասի Կառավարության մշակույթի պետքարտուղար Գունար Շելենբերգերը:

Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում տեղի ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված համերգ և պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում նշվեց նաև պատվավոր հյուպատոսության գործունեության 10-ամյա հոբելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Կարլսռուհեում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, Կարլսռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուփը:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց պատվո հյուպատոս Պիլարսկիին իր տասնամյա գործունեության ընթացքում Բադեն-Վյուրթենբերգի և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն աջակցելու, Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Միջոցառմանը հանդես եկան Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ և քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբ՝ կատարելով Կոմիտասի, Հովունցի, Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ:

Scroll Up