Ռուսաստանի Օբնինսկ քաղաքում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 21-ին Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում հայկական համայնքի ուժերով տեղի ունեցավ «Իմ Հայաստան» խորագրով համերգը ՓԷԻ Կուլտուրայի պալատում։
Համերգը բացեց «Արաքս» հայկական կիրակնօրյա դպրոցի մանկական երգչախումբը Մհերի «Հայաստան» երգով։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Օբնինսկ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Պոպովա Տատյանա Սերգեեվնան։
Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են «Արաքս» հայկական կիրակնօրյա դպրոցից, ելույթներով հանդես եկան Կալուգայի «Տաշիր» պարային համույթը, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Աշոտ Ղազարյանը, երգեց նրա որդի Վահան Ղազարյանը, մեր նորաբաց «Արաքս» դպրոցի սաները հանդես եկան ասմունքով` հուզելով հանդիսատեսին։ Եվա Ազրոյանը, ով դեռ 9 տարեկան է, փայլուն կատարեց Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը։
Ելույթներով հանդես եկան Օբնինսկի «Արաքս» պարային համույթը, հարևան Բալաբանովո քաղաքի «Նաիրի» պարային համույթը և շատ ուրիշ շնորհալի երեխաներ ու մեծահասակներ։ Հանդիսատեսի ջերմ ծափողջյունները չէին դադարում ողջ համերգի ընթացքում։
Համերգի ավատից հետո հանդիսատեսին սպասում էին տոնական ֆուրշետի սեղանները, և մարդիկ շամպայնի կամ հայկական գինու բաժակներ բարձրացնելով շնորհավորում էին մեկ մեկու մեր Հայրենիքի անկախության 25-ամյակի կապակցությամբ, հուզված և ոգևորված էին՝ մի պահ զգալով, թե այդ երկու երեք ժամերը իրենք տանն էին`Հայաստանում։
Դե մենք էլ` կազմակերպիչներս լսեցինք մեր հասցեին ուղղված բազմաթիվ շնորհակալության խոսքեր այս գեղեցիկ ու ջերմ մթնոլորտի ստեղծման, համերգի կայացման, հայապահպան գործը կատարելու համար։ Մեր ուզածն էլ հենց դա էր, որ կարողանանք միասին նշենք մեր սիրելի Հայաստանի տոնը և ուրախացնենք հայ ժողովրդին։