Թամրազյան ընտանիքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Tamrazian-hrachya-420x280.jpg)
Խոր ցավով տեղեկացա, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել սիրելի Հրաչ Թամրազյանը: Անասելի ծանր է գիտակցել, որ այսքան անժամանակ կյանքից հեռացավ մի մարդ, ով դեռ շատ բան ուներ տալու հայ գրականությանը, գիտությանը, հայ մշակույթին, իր ընտանիքին ու աշխարհին ընդհանրապես:
Նրա բազմաթիվ բանաստեղծական ու թարգմանական ժողովածուները, մենագրությունները, գիտական հոդվածները մեծ ներդրում էին մեր գրական և գիտական ժառանգության մեջ, իսկ Տիեզերական Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նվիրված նրա խորն ու բազմակողմանի ուսումնասիրությունները նոր խոսք էին մեծ փիլիսոփայի մասին և է՛լ ավելի խորացրեցին մեր իմացությունները Նարեկացու և Նարեկյան դպրոցի վերաբերյալ: Մեծապես գնահատելի է նաև նրա երկարամյա ու բեղուն աշխատանքը Երևանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:
Է՛լ ավելի ծանր է տանել բացառիկ նրբազգաց, համեստ ու խորունկ մարդու, բարձրորակ մտավորականի՝ Հրաչի կորուստը, ով անկեղծ սեր ու հարգանք էր վայելում ընկերների ու մտերիմների շրջանում, գրական ու գիտական աշխարհում:
Միակ մխիթարությունն այն է, որ Թամրազյանների ընտանիքի արժանավոր զավակը մեզ և հետագա սերունդներին թողեց իր անզուգական մաքուր ու ազնիվ կերպարը, իր հրաշալի ստեղծագործությունները, որոնցով կկրթվեն բազում սերունդներ:
Հրաչ Թամրազյանի հիրավի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հոգու և հիշողության մեջ:
Ափսոս, հազար ափսոս…
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ