Թամրազեան Ընտանիքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Tamrazian-hrachya-420x280.jpg)
Խոր ցաւով տեղեկացայ, որ երկրային կեանքին հրաժեշտ է տուել սիրելի Հրաչ Թամրազեանը: Անասելի ծանր է գիտակցել, որ այսքան անժամանակ կեանքից հեռացաւ մի մարդ, ով դեռ շատ բան ունէր տալու հայ գրականութեանը, գիտութեանը, հայ մշակոյթին, իր ընտանիքին ու աշխարհին ընդհանրապէս:
Նրա բազմաթիւ բանաստեղծական ու թարգմանական ժողովածուները, մենագրութիւնները, գիտական յօդուածները մեծ ներդրում էին մեր գրական եւ գիտական ժառանգութեան մէջ, իսկ Տիեզերական Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նուիրուած նրա խորն ու բազմակողմանի ուսումնասիրութիւնները նոր խօսք էին մեծ փիլիսոփայի մասին եւ է՛լ աւելի խորացրեցին մեր իմացութիւնները Նարեկացու եւ Նարեկեան դպրոցի վերաբերեալ: Մեծապէս գնահատելի է նաեւ նրա երկարամեայ ու բեղուն աշխատանքը Երեւանի հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտ-մատենադարանում:
Է՛լ աւելի ծանր է տանել բացառիկ նրբազգաց, համեստ ու խորունկ մարդու, բարձրորակ մտաւորականի` Հրաչի կորուստը, ով անկեղծ սէր ու յարգանք էր վայելում ընկերների ու մտերիմների շրջանում, գրական ու գիտական աշխարհում:
Միակ մխիթարութիւնն այն է, որ Թամրազեանների ընտանիքի արժանաւոր զաւակը մեզ եւ յետագայ սերունդներին թողեց իր անզուգական մաքուր ու ազնիւ կերպարը, իր հրաշալի ստեղծագործութիւնները, որոնցով կը կրթուեն բազում սերունդներ:
Հրաչ Թամրազեանի յիրաւի պայծառ յիշատակը միշտ վառ կը մնայ նրան ճանաչողների հոգու եւ յիշողութեան մէջ:
Ափսոս, հազար ափսոս…
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ