Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը

Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից և նշում, ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։

«Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։

Յոթօրյա հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը չափում են մարզական, մշակութային և ինտելեկտուալ խաղերում (լող, բազկամարտ, ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ազգային խաղեր, սպորտլանդիա, նկարչություն, երգ, պար, նորաձևություն և այլն)։

Բացի մրցութային խաղերից, հավաքի մասնակիցների համար կազմակերպվում են նաև հանդիպում-քննարկումներ պետական, հասարակական գործիչների հետ, անցկացվում են կինոդիտումներ, ժամանցային ծրագրեր։

Scroll Up