«Գործունեությանս կենտրոնում Հայաստանն է լինելու».«Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակից

«Դեռ մանկուց ինձ համար անարդարությունը, ապօրինությունն ու մարդու իրավունքների ոտնահարումն անընդունելի են եղել: Երբ դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական ընտրության առջև կանգնեցի, հասկացա, որ կարելի է նաև դիվանագիտության ճանապարհով պայքարել վերոնշյալ արատավոր երևույթների դեմ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Աստղիկ Հակոբյանը, որը Հայաստանից սովորելու նպատակով տեղափոխվելով ԱՄՆ` ընդունվել է Գլենդելի համայնքային քոլեջի քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ ֆակուլտետը:

Աստղիկն ուսանելու ընթացքում մեկ տարի Կալիֆորնիայի Հայ ուսանողների միության նախագահն է եղել, սերտ համագործակցության մեջ է գտնվում նաև հայկական տարբեր կազմակերպությունների հետ, որոնց հետ տարաբնույթ աշխատանքեր են իրականացնում` Հայաստանը օտարազգիներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Աստղիկն անվարան ասում է, որ հետագայում իր գործունեության կենտրոնում Հայաստանն է լինելու: Կապրի Հայաստանում կամ արտասահմանում, որևէ նշանակություն չի ունենալու: Բոլոր հնարավորությունները ներդնելու է` հզոր, ապահով Հայաստան ունենալու համար:

Հայ ուսանողներով Ապրիլյան քառօրյա պատերազմի տագնապալի օրերին նույնպես քայլեր են ձեռնարկել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Դրամահավաք են կազմակերպել, որի հասույթը Աստղիկը շուտով Արցախ է տանելու՝ հանձնելու գյուղերի բնակիչներին:

Բացի դրամահավաքից, քոլեջում մարդկանց պարբերաբար իրազեկել են Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տիրող իրավիճակի մասին, որպեսզի խուսափեն ապատեղեկատվությունից:

Իբրև ապագա դիվանագետ՝ Աստղիկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը կախված է հայ ժողովրդի համախմբումից  և ազգային գիտակցության բարձրացումից, որից հետո միայն  վերջնական հաղթանակի կհասնենք:

«ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին մասնակցելը մասնագիտական տեղեկատվության մեծ պաշար տվեց ինձ: ԱՄՆ-ում դժվար թե հաջողվեր ինձ՝ հուզող հարցերի պատասխանները ստանալ:

Հավաքի զեկուցողները, տարբեր ոլորտի մասնագետներն ինձ շատ օգնեցին. նրանցից նոր մտքեր, գաղափարներ և առաջարկներ ստացա»,- իր խոսքն ամփոփեց Աստղիկ Հակոբյանը:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up