«Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը «Վարդանանց» բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության փորձ իրականացրեց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/138.jpg)
Աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի շրջանակներում «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը հուլիսի 12-ին իր աշխատանքային օրն սկսեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ, այնուհետև խումբը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո հերթական հանդիպումը կայացավ «Վարդանանց» բժշկական կենտրոնում:
Կենտրոնի տնօրենի տեղակալ, մանկաբույժ Նարինե Գրիգորյանի ղեկավարությամբ խմբի 4 մասնակիցներ՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ, քննարկեցին հեռահար բժշկության շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր, ծանոթացան համակարգչային ծրագրերին և ինտերակտիվ համացանցային կայքերին, այնուհետև հեռակապով միացան Լոռու մարզի Գարգար գյուղ մեկնած աշխատանքային խմբի մյուս անդամների հետ: Նպատակային գլխավոր աշխատանքը Գարգարում գտնվող աշխատանքային խմբի իրենց ընկերներից տեղի հիվանդների մասին ուղարկվող տեղեկատվությունն է, որի համաձայն, հիվանդները, իրենց ունեցած առողջական խնդիրներին համապատասխան՝ կդասակարգվեն ըստ հիվանդության ծանրության աստիճանների, հիվանդները կախտորոշվեն և որոշում կկայացվի, թե որտեղ պետք է նրանք ստանան իենց բուժումը: Անհրաժեշտության դեպքում նրանց կհետազոտեն «Վարդանանց» բժշկական կենտրոնում:
Աշխատանքային խմբի բոլոր անդամները սիրով ու պատրաստակամությամբ կատարում էին իրենց վստահված աշխատանքը, որն իրենց մասնագիտական կրթության ավարտից հետո, անշուշտ, աշխատանքային կենսագրության հիմնաքարերից մեկը կդառնա: